Առաջիկայում սպասվում է վարակվածության աճ. գրանցված դեպքերի 76 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների շրջանում

«Հայկական ժամանակ»-ը գրում է. Վերջին 38 շաբաթվա ընթացքում առողջապահության առաջնային պահպանման օղակներ է (պոլիկլինիկա) դիմել սուր շնչառական վիրուսներով վարակված 3 հազար 15 պացիենտ։ Նախորդ շաբաթվա համեմատ վիրուսային հիվանդություններով վարակվածությունն աճել է 1,1 անգամ։

Վիճակագրությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայացնում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության բժիշկ, համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը։

Ըստ մասնագետի՝ ցուցանիշները դեռևս անհանգստացնող չեն, սակայն հոկտեմբերի առաջին շաբաթից Հայաստանում սպասվում է ՍՇՎ հիվանդությունով պայմանավորված վարակվածության դեպքերի ակտիվություն։

«Սեզոնային է, այսինքն՝ հոկտեմբերի մեկից մինչև մայիս ամիսը մենք ունենում ենք այդ վիրուսներով վարակվածության բարձր ցուցանիշ։ Առհասարակ կարող ենք ասել, որ հիմա էլ ունենք աճ, բայց դա բնորոշ է սեզոնի այս ժամանակահատվածին։ Այժմ գրանցված դեպքերի 76 տոկոսը արձանագրվել է 0-18 տարեկան երեխաների շրջանում։ Վիրուսներով պայմանավորված հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ կազմել են 94,1 տոկոս, հոսպիտալացվածների 94,1 տոկոսը կրկին 0-18 տարեկան երեխաներն են»,- ասում է նա։

Ծանր շնչառական վարակներով, թոքաբորբով պայմանավորված հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ աճել են 1,3 անգամ, այդ դեպքերի 91 տոկոսը ևս 0-18 տարեկան երեխաներն են։ Այս պահին հիվանդությամբ պայմանավորված միջին ակտիվություն զգացվում է միայն Արարատի մարզում, նկատում է Հովհաննիսյանը։

«2023 թվականից մեզ մոտ շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները, այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ, ինչպես նաև գրանցվում են համակցված վարակներ, ինչպիսիք են՝ ռինովիրուսի և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի, ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչներ։ Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշները թեև կան, բայց վերջին 7 օրվա ընթացքում դեպքերը նվազել են»,- ասում է նա։

Оцените статью