Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են. Էկրանները մեր առօրյայի անբաժան մասն են և չեն կարող ազդեցություն չունենալ տեսողության վրա: Մեծահասակների դեպքում հիմնական ազդեցությունը էկրանային ժամանակի չարաշահումն է, «Չոր աչքի համախտանիշ»-ի զարգացումը՝ հոգնածություն, քոր և լարվածություն, կարմրություն, ցավ, օտար մարմնի զգացողություն աչքում, էկրաններից կապույտ լույսի երկարատև (2 ժամ և ավելի) ճառագայթման պատճառով` քնի խանգարումներ: Փոքր տարիքում հետևանքները կարող են ավելի լուրջ լինել՝ կարճատեսության պրոգրեսիա, ակոմոդացիոն սպազմ, շլություն և այլն։ Ամենատարբեր խնդիրների հիմք կարող են լինել նաև անբավարար լուսավորությունը կամ գերլուսավորությունը աշխատելու ժամանակ։ Ի՞նչ անել. պարբերաբար կատարել ընդմիջումներ` կիրառելով «20 20 20» կանոնը: 20 րոպեն մեկ էկրանից կտրվե՛ք: 20 վայրկյան նայե՛ք 20 ոտնաչափ հեռավորության վրա որևէ առարկայի: Աշխատելիս համակարգչի էկրանը պետք է լինի ճիշտ հեռավորության վրա, ցանկալի է պարբերաբար դադար տալ, հաճախ աչքերը թարթել էկրանի առաջ գտնվելու ընթացքում և օգտագործել աչքի խոնավացնող կաթիլներ, կրել ուլտրամանուշակագույն և կապույտ լույսից պաշտպանիչ շերտով ակնոց։