9 կարևոր փաստ վահանաձև գեղձի մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել.

Վահանաձև գեղձը թիթեռի ձև ունեցող փոքրիկ օրգան է, որը գտնվում է պարանոցի առջևի հատվածում: Այս օրգանը գտնվում է հիպոֆիզի «հսկողության» տակ և համարվում է մարդու ամենակարևոր օրգաններից մեկը:

Վահանաձև գեղձն արտադրում է հորմոններ, որոնք մասնակցում են օրգանիզմում տեղի ունեցող գրեթե բոլոր գործընթացներին: Սա է պատճառը, որ վահանագեղձի ֆունկցիայի ցանկացած խանգարում անմիջապես դրսևորվում է մի շարք տհաճ ախտանշաններով:

Այնուամենայնիվ մարդիկ հաճախ անուշադրության են մատնում այս կարևոր գեղձը, ինչի պատճառով էլ բախվում են բազում խնդիրների: Նման տհաճ հետևանքներից խուսափելու համար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 9 փաստ վահանաձև գեղձի մասին, որոնք կօգնեն ժամանակին հայտնաբերել խնդիրն ու միջոցներ ձեռնարկել դրա դեմ:

1. Վահանաձև գեղձն ազդում է մարմնի յուրաքանչյուր բջջի վրա, քանի որ դրա արտադրած հորմոնները կարգավորում են ամբողջ օրգանիզմի նյութափոխանակության գործընթացները: Բացի այդ, այս հորմոնները խթանում են հյուսվածքների կողմից սպիտակուցների արտադրությունը և օգնում են հագեցնել բջիջները թթվածնով:

2. Անհանգստությունն ու անքնությունը կարող են պայմանավորված լինել վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումով: Բանն այն է, որ անհանգստությունը, անքնությունն ու տագնապը կարող են լինել հիպերթիրեոզի ախտանշան, որի դեպքում օրգանը չափազանց շատ հորմոն է արտադրում:

3. Վահանաձև գեղձի ու լյարդի միջև կա ակնհայտ կապ: Վահանաձև գեղձն արտադրում է թիրոքսին (T4) և տրիյոդթիրոնին (Т3) հորմոններ, որոնք ակտիվանում են լյարդում: Եթե լյարդը լավ չի կատարում իր ֆունկցիան, ապա այն չի կարող Т4-ը վերածել Т3-ի, ինչի հետևանքով օրգանիզմում բավարար քանակությամբ ակտիվ հորմոններ չեն լինի:

4. Վահանաձև գեղձի խանգարումները շատ դժվար են ախտորոշվում: Հաճախ ախտանշաններն աննկատ են մնում, քանի որ դրանք կարելի է շփոթել այլ հիվանդությունների ախտանշանների հետ:

5. Այս գեղձն օրգանիզմի «վառարանն է», մինչդեռ հիպոֆիզը՝ «տերմոստատը»: Երբ գեղձի արտադրած հորմոնների մակարդակը չափազանց բարձր է լինում «վառարանը» չափից շատ է տաքանում: Այս դեպքում հիպոֆիզը նվազեցնում է թիրեոտրոպինի արտադրությունը՝ գեղձը «սառեցնելու» համար:

6. Քաշի անբացատրելի ավելացումը նույնպես կարող է պայմանավորված լինել վահանաձև գեղձի աշխատանքի խանգարումով: Այս դեպքում պատճառը հիպոթիրեոզն է, որի ժամանակ օրգանը չի արտադրում բավարար քանակությամբ հորմոն:

7. Վահանաձև գեղձը միակ գեղձն է, որը կլանում է յոդը:

8. Վահանաձև գեղձը շատ կարևոր դեր է կատարում հղիության ընթացքում և մեծ նշանակություն ունի պտղի զարգացման համար:

9. Վահանաձև գեղձի աշխատանքի կարգավորումը կօգնի նվազեցնել անգամ օրգանիզմում խոլեստերինի մակարդակը:

 

Оцените статью