Ինձ թվում էր, որ լավ ընտանիք ունեմ, մինչև որ դժբախտությունը չթակեց մեր դուռը

 

Ես ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա։ Ամուսնուս քրտնաջան աշխատանքի շնորհիվ ապրում ենք մեծ լուսավոր բնակարանում։ Ու երկար տարիների ընթացքում ընտանիք ասելով ի նկատի եմ ունեցել նաև ամուսնուս եղբորը՝ կնոջ ու երեխաների հետ, սկեսուրիս, մայրիկիս, մորաքրոջս ու նրա աղջկան։

Մեր բոլորի երեխաները մոտավորապես նույն տարիքի են։ Հաճախ էինք գնում քաղաքից դուրս, հավաքույթներ կազմակերպում։ Ես վստահ էի, որ իմ ընտանիքը լավագույնն է, ունեմ ամուր հիմք, հուսալի մարդկանցով եմ շրջապատված, ովքեր միշտ օգնության ձեռք կմեկնեն։

Նշեմ, որ իմ հարազատ տատիկը վաղաժամ հեռացավ կյանքից, իսկ նրա քույրը երեխաներ չուներ, ու նա մեզ էր թոռնիկ համարում։ Շատ էի սիրում Անահիտ տաիկին։

Նա և իմ, և մորաքրոջս աղջկա ընկերուհին կարծես լիներ, շատ է օգնել թե ֆինանսապես, թե խորհուրդներով։ Սակայն ամուսնուն կորցնելուց հետո Անահիտ տատիկի առողջական վիճակը կտրուկ վատացավ։ Սկզբում բոլորս հերթով գնում էինք նրա տուն, օգնում, խնամում, բայց երբ հասկացանք, որ դեռ երկար կտևի նման վիճակը, բոլորը հետ քաշվեցին։ Առաջարկեցի որոշակի գումար տրամադրել և խնամակալ վարձել, սակայն «ընտանիքիս» անդամները ասացին, որ ավելի լավ է ծերանոց գտնել։ Բոլորը հանկարծ հիշեցին, որ նա ոչ մեր մայրիկն է, ոչ էլ տատիկը։

Անահիտ տատիկի խնամքը վերցրեցի ինձ վրա։ Շատ էի հոգնում․ անդադար վազքի մեջ էի, ու դրա համար ամուսինս ասաց, որ տատիկին մեր տուն կտեղափոխենք։ Նրան սենյակ հատկացրեցինք, ամուսինս լավ բժիշկ գտավ, ում նշանակած գրագետ բուժման շնորհիվ Անահիտ տատիկը մի քանի ամսից ոտքի կանգնեց։ Պարզվեց, որ ամուսնու մшհը նրա մոտ խորը դեպրեսիա էր առաջացրել, և դեղերը, նաև մեր սերն ու հոգատարությունը օգնեց նրան վերականգնվել։

Կյանքի վերջին 6 տարիները նա ապրեց մեզ հետ։ Հետո իմացանք, որ քաղաքի կենտրոնում գտնվող իր բնակարանը ինձ է կտակել։ Միայն տեսնեիք բարեկամներիս․ մայրիկս, մորաքույրս, նրա աղջիկն ու ամուսինը մի լավ քայքայեցին նյարդերս, անգամ դատարան դիմեցին, բայց ոչ մի արդյունքի չհասան։

Իսկ ես կարծում եմ, որ չպիտի կիսվեմ նրանց հետ։ Եթե ժամանակին չկանգնեի տատիկի կողքին, նա իր վերջին օրերը կանցկացներ ծերանոցում։ Իսկ այսպես և նա երջանիկ ապրեց, և երեխաներս իմացան, թե ինչ է տատիկի սերն ու ջերմությունը։

Оцените статью