Լարվում են հարաբերությունները Ռուսաստանի ու Չեխիայի միջեւ

ԺԱՄԱՆՑ

Ռուսաստանը կիրակի օրն արտաքսեց չեխ քսան դիվանագետների, Չեխիայի Հանրապետությունից ռուս տասնութ դիվանագետների արտաքսելու փասին ի պատասխան: Երկրից հեռանալու համար Ռուսաստանը չեխերին տվել էր 24 ժամ: Ռուս տասնութ դիվանագետներին Չեխիայից արտաքսել էին` հայտարարելով, որ 2018 թվականին Մեծ Բրիտանիայում Սկրիպալներին թունավորած երկու լրտեսներն են դրանից չորս տարի առաջ իրականացրել մահաբեր պայթյուն Չեխիայի զինապահեստներից մեկում, գրում է Ամերիկայի ձայնը:

Կրեմլը Չեխիայի Հանրապետության գործողությունն անվանում է ‘’սադրիչ եւ ոչ բարեկամական’’: Իսկ Պրագայում մարդիկ բողոքի ցույց են անցկացնում Ռուսաստանի դեսպանատան առջեւ 2014 թվականին չեխական Վրբետիցե քաղաքում իրականացված պայթյունի դեմ բողոքելով: Եվրոպական միության ու ՆԱՏՕ-ի դրոշները ծածանելով` հակառուսական խոսքեր վանկարկող ցուցարարները կազմել են դիմում, կոչ անելով Եվրոպական միությանն աջակցել իրենց երկրին:

Այստեղ նրանք առճակատվել են ռուսամետ ցուցարարների հետ, ինչին միջամտել է ոստիկանությունը: Ռուսաստանի դեսպանատան վրա կիրակի օրը արյան գույնի մածուկներ լցրած յոթ ցուցարարներ կարճ ժամանակով ձերբակալվել են:

Վրբետիցեի քաղաքագլուխն ասում է, թե ինքը ցնցված է այն լուրերից, ըստ որոնց ռուս լրտեսներն են զինապահեստում իրականացրել պայթյուն: Հիշեցնենք, որ պայթյունին զոհ էր գնացել տեղի երկու բնակիչ:

Չեխիայի Հանրապետության կողմից ռուս դիվանագետների արտաքսումը եւ ներկայացված մեղադրանքները դարձել են երկու երկրների միջեւ ամենամեծ լարվածության պատճառը 1989 թվականից ի վեր, երբ այստեղ ավարտվում էր կոմունիստական ժամանակաշրջանը: Մի քանի տասնամյակ, որոնց ընթացքում Պրագան հայտնվել էր Մոսկվայի ուղիղ վերահսկողության ներքո:

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
Оцените статью