Կրեմլի խղճուկ արձագանքը Հայաստանի ընտրությանը. Ռուսաստանի լինել-չլինելու հարցը վճռված է

ԺԱՄԱՆՑ

Ընտրությունների շեմին անդրադարձել էինք խնդրին, որ Հայաստանում մոսկովյան մտահղացմամբ «երկբեւեռ ընտրությանը» որոշվում է Ռուսաստանի լինել-չլինելու հարցը: Հարցը որոշվեց, ընդ որում՝ «տակից», ինչպես ինքը Ռուսաստանն է վերաբերում Հայաստանին: Եվ դա խիստ հատկանշական է: Այս խնդիրներին դեռ կանդրադառնանք, ընդ որում՝ այսպես ասած պոստֆակտում ռեժիմով, քանի որ շատ կարեւոր է զարգացումների դինամիկան կոնկրետ օրինակներով նկարագրելը:

Մինչ այդ, արժե մեջբերել Կրեմլի ու ՌԴ ԱԳՆ-ի արձագանքները Հայաստանի ընտրությանը:

«Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն ու գործընկերն է: Մենք ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի հաղթահարել այն դժվարությունները, որոնք ներկայում ապրում է երկիրը, եւ դուրս գալ կայուն զարգացման ճանապարհ, այդ թվում եռակողմ պայմանավորվածությունների իրականացման միջոցով, որոնք ձեռք են բերվել եւ ստորագրվել Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ», ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Հուսով ենք, որ ընտրական գործընթացի արդյունքները օրենսդրական ձեւակերպումից հետո կնպաստեն Հայաստանի առաջընթացին, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության ապահովմանը, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման առումով», սա էլ մեջբերում է ԱԳՆ խոսնակի հայտարարությունից: Նա էլ է նշել, որ Հայաստանը Ռուսաստանի մերձավոր դաշնակիցն ու գործընկերն է:

Նկատենք՝ «մերձավոր դաշնակցի» վերաբերյալ ցանկացած հայտարարության մեջ Մոսկվան դնում է «եռակողմ հայտարարության անվերապահ կատարման» մանթրան, այն մեծ շնորհ համարելով Հայաստանի համար: Նկատենք նաեւ, որ Բաքվի պարագայում դա չկա: Եվ դա բնական է՝ եռակողմ փաթեթը Հայաստանի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական պատերազմի եւ ցեղասպան գործողությունների ամրագրումն ու «լեգիտիմացման» փորձն է: Այն Հայաստանին կապիտուլյացիա պարտադրելու ձեւաչափ է:

Ռուսական փրկչության ու եղբայրության միֆերը պայթեցին 2020-ի աշնանը: Ռուսաստանը թղթերով Հայաստանի դաշնակիցն էր մինչեւ պատերազմ, որից հետո հրաժարվեց նաեւ այդ թղթերից: Պատերազմի արդեն բոլորի համար ակնհայտ հանգամանքները եւ կլինիկական հայատյացությունը, հակահայ կեղտոտ քարոզչությունը, Արցախում հայկական ինքնության ոչնչացման հետեւողական քայլերը, Սյունիքի մարզի ու Հայաստանի այլ տարածքների օտարման փորձերը Ռուսաստանին ողջ մերկությամբ դրել են հայերի առջեւ:

Հայաստանի արտահերթ ընտրության քվեարկությանը դա արտահայտվեց հայ հանրության պարզ արձանագրմամբ՝ ռուսանպաստ ուժերը ստացան մոտ 30 տոկոս: Թվերն իհարկե որոշակիորեն պայմանական են, միեւնույն ժամանակ վկայում են շատ բանի մասին: Ավելի խորքային մակարդակում, եթե ռուսները չգնան հետընտրական խժդժություններ հրահրելու ճանապարհով, նույնիսկ նոր խորհրդարանի լիովին «պրոռուսական» դասավորությունը փոխում է շատ բան, եւ դա նախեւառաջ պետք է գիտակցեն Հայաստանի քաղաքական շրջանակները՝ հակահայ համաձայնությունները շրջելու բացառիկ հնարավորությունները ձեռքից բաց չթողնելու համար:

Դա օրինակ հիանալի հասկացել են Բաքվում ու Մոսկվայում, եւ չի օգնելու նաեւ հայկական ընտրությունից առաջ ռուսական բարձր հովանու ներքո Էրդողանին Շուշի ուղարկելը: Ռուսաստանի ցնորամիտ ծրագրերը կախված են հայկական պետության մեն-միակ որոշումից:

Հայերն իրենց ստեղծած իմպերիայի բախտն են տնօրինում այսօր: Հայկական խնամքից դուրս մնացած այս հիվանդ ու անլվա ահռելի երկրի բախտը, ուզեն թե չուզեն:

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
Оцените статью