Մարմնի 80 տոկոս այրվածքներով հիվանդանոց տեղափոխված փոքրիկը 1 տարի անց դուրս է գրվել

ԺԱՄԱՆՑ

Այս քայլերին ուղիղ մեկ տարի ոչ միայն Վահեի ընտանիքն ու հարազատները, այլև մի ամբողջ հիվանդանոց էին սպասում:

Մայրը նայում է քայլող որդուն և արցունքները կոկորդում խեղդում: Միայն ինքն ու հիվանդանոցի անձնակազմը գիտեն, թե ինչեր են ապրել: Բոլորով միասին հուզվել են, անհանգստացել, անքուն գիշերներ անցկացրել, հետո՝ ուրախացել, արտասվել: Ուղիղ մեկ տարի առաջ փոքրիկին հիվանդանոց էին տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում. մարմնի 60 և շնչուղիների 20 տոկոս այրվածքով: Ընտանիքը վթարի էր ենթարկվել. ամենաշատը տուժել էր 7 տարեկան Վահեն:

Դավիթ Դալլաքյան («Սուրբ Աստվածամայր» ԲԿ բուժգծով փոխտնօրեն) — Քիչ հիվանդներ կան, որ «Սուրբ Աստվածամայրում» անհույս են համարվել, բայց ինքը համարվել է անհույս հիվանդ, նույնպես այրվածքաբանների կողմից է գնահատվել: Սակայն շնորհիվ մեր համակարգված աշխատանքի և մասնագետների ջանքերի, ինչպես նաև այրվածքաբանների համառ օգնության՝ մենք կարողացանք տղային դուրս բերել էդ վիճակից:

Աննա Չոբանյան («Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքի վարիչ) — Դա տևեց բավականին երկար: Գալիս էին այրվածքաբանները և տեղում կատարում էին իրենց գործողությունները՝ վիրահատությունները պլաստիկ, վիրակապությունները: Հիմա ունենք էն վիճակը, որ երեխան արդեն լրիվ գիտակից է, ադեկվատ է, քայլում է, շնչում է ինքնուրույն, ճիշտ է սարքով, բայց մեծ մասը հաղթահարել ենք:

Ամիսներ շարունակ երեխան կոմայի մեջ է եղել՝ վերակենդանացման բաժանմունքում, հետո արդեն գիտակից՝ հիվանդասենյակում, բայց հիվանդանոց տեղափոխվելուց հետո առաջին քայլերը տղան կարողացել է անել 10 ամիս անց միայն: Սնունդը ստացել է երակի միջոցով:

Դավիթ Դալլաքյան — Երեխային կատարվել են բազմաթիվ վիրահատություններ՝ այրվածքաբանների կողմից՝ մաշկի փոխպատվաստում և հաջողվել է հասնել նրան, որ այսօր երեխայի միայն հետևի մազածածկ մասի հատվածում է, որ վերքեր կան, մնացած վերքերը փակվել են: Միկրովիրաբույժների կողմից կատարվել են ձեռքերի վիրահատություններ, ոտքերի հետ կապված:

Սնվել և խոսել ու կյանքը փրկելու համար բժիշկներին շնորհակալություն հայտնել Վահեն դեռ չի կարող:

Դավիթ Դալլաքյան — Հունիսի պլանավորվում է մեր այցելող պրոֆեսորի գալը Հայաստան՝ Ռազմովսկին Մոսկվայի Ֆիլատովի անվան հիվանդանոցից կգա, սա լինելու է Հայաստանի մանկական վիրաբուժության մեջ աննախադեպ վիրահատություն: Պետք է կատարվի բավականին մեծ հատվածի վրա շնչափողի մասնահատում և կերակրափողի դեֆեկտի փակում: Դրանից հետո արդեն երեխան կկարողանա խոսել և սնունդը ընդունել բերանով:

Այն, որ երեխայի կյանքը փրկվել է, այս պահին թե՛ ընտանիքը, թե՛ մասնագետները հրաշք են համարում: Մեկ տարում արդեն 15 վիրահատություն տարած փոքրիկի փոխարեն դեռ մայրն է շնորհակալություն հայտնում մասնագետներին:

Աննա Ասլանյան (Վահեի մայրը) — Շնորհակալ եմ Աննա Չոբանյանին, բժիշկ Դալլաքյան Դավիթին, շատ շնորհակալ եմ ամբողջ բուժանձնակազմից:

Բայց հուզվում ու չի կարողանում գտնել համարժեք խոսքեր, որ կարտահայտեն սրտում եղածը: Ոչինչ, որ դեռ երկար ճանապարհ ունեն անցնելու: Կարևորը՝ որդին այսօր իր ոտքով մեկ տարի անց վերջապես դուրս կգա հիվանդանոցից:

աղբյուր

Оцените статью