Միակ գործոնը, որ թույլ չի տալիս այս պահին, որ լինի լայնածավալ նոր պատերազմ, դա Ռուսաստանն է

ԺԱՄԱՆՑ

Սյունիքի կողմից ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինվորներին պետք է հետ մղել առանց ուժի կիրառման, եթե հնարավոր է, իսկ եթե հնարավոր չէ, պետք է դա անել ամեն գնով, որովհետեւ նրանց այնտեղ լինելը կարող է շատ անկանխատեսելի հետեւանքների բերել:

Խոսելով երեկվանից առկա իրադրության մասին՝ ՀԺ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանը, դժբախտաբար, շատ ավելի լավ է պատկերացնում եւ շատ ավելի լավ է հասկանում մեր պատմությունը, ուստի շատ լավ գիտի՝ ինչ կարեւորություն ունեն հայերի համար Արցախն ու Սյունիքը:

«Յուրաքանչյուր սանտիմետր բռնագրավելով՝ նրանք մեծ աշխարհաքաղաքական հարցեր են լուծում, որովհետեւ ե՛ւ Արցախը, ե՛ւ Սյունիքը ողնաշարն են հայոց պետականության: Ես ասել եմ եւ կրկնում եմ՝ սա հստակ ցույց է տալիս՝ բե՞ռ է եղել Արցախը Մայր Հայաստանի համար, թե՞ վահան: Տեսնո՞ւմ եք՝ այդ վահանը ջարդված վիճակում ինչպիսի հարցեր էր կարգավորում ժամանակին»,- ասաց Բաբայանը:

Արցախի արտգործնախարարի խոսքով՝ պետք է պարզել, օբյեկտիվ, առանց շահարկումների, քաղաքականացման, քավության նոխազներ փնտրելու հետաքննություն կատարել, գտնել, հասկանալ՝ ինչքանով է Սյունիքում տեղի ունեցածը անփութության, միտումնավոր կամ միգուցե ֆորսմաժորային իրավիճակի հետեւանք:

Հարցին՝ ըստ նրա՝ Սյունիքում ընթացող բանակցությունները արդյունք կտա՞ն, Բաբայանը պատասխանեց. «Պետք է աշխատենք, ռուսական կողմին էլ պետք է խնդրենք, որ ինքն էլ մասնակցի, որովհետեւ միակ գործոնը, որ թույլ չի տալիս այս պահին, որ լինի լայնածավալ նոր պատերազմ, դա Ռուսաստանն է: Սա փաստ է»:

Оцените статью