Մի օր քահանայի մոտ է գալիս մի կին և ասում․
–2 տարի առաջ մեզ ամուսնացրիր, հիմա էլ բաժանիր մեզ։ Ես էլ չեմ ուզում նրա հետ ապրել։
–Իսկ ո՞րն է բաժանվելու քո ցանկության պատճառը,– հետաքրքրվեց քահանան։
Կինն այսպես բացատրեց․
–Բոլորի ամուսինները շուտ տուն են վերադառնում, իսկ իմ սիրելին ամեն օր ուշանում է։ Դրա պատճառով տանն ամեն օր սկանդալ ու վեճ է լինում։
Զարմացած քահանան հարցնում է․
–Պատճառը միայն դա է՞։
–Այո, ես չեմ ուզում ապրել մի մարդու հետ, ով նման թերություն ունի,-պատասխանեց կինը։
–Լավ, ես կբաժանեմ ձեզ, բայց միայն մի պայմանով։ Գնա տուն, մեծ հաց թխիր ու բեր։ Բայց հացի բոլոր բաղադրիչները խնդիր քո հարևանուհիներից և անպայման բացատրիր քո խնդրանքի պատճառը։
Կինը գնում է տուն և անցնում գործի։ Գնում է առաջին հարևանուհու տուն․
–Խնդրում եմ, ինձ պարտքով մի բաժակ ջուր տուր։
–Ի՞նչ է, ձեր տան ջուրը վերջացել է։
–Ջուր ունենք։ Բայց ես գնացել էի քահանայի մոտ, որ բաժանի ինձ ու ամուսնուս․․․-և կինը պատմում է ողջ եղելությունը։
–Էհհ, եթե իմանայիր, թե իմ ամուսինն ինչեր է անում․․․ մեղք է ամուսնուդ՝ ուշ տուն գալուց բողոքելը։
Հետո կինը գնում է մյուս հարևանուհիների տները, մեկից աղ է խնդրում, մյուսից ալյուր, երրորդից՝ խմորիչ․․․ Բոլորից նա այնպիսի բողոքներ է լսում՝ նրանց ամուսինների վերաբերյալ, որ սարսափում է։
Վերջապես նա մեծ համեղ հաց է թխում, բերում քահանային և ասում․
-Շնորհակալ եմ, դու փրկեցիր իմ ընտանիքը։ Ինձ ու ամուսնուս պետք չէ բաժանել։
–Ինչու՞, աղջիկս, ի՞նչ է եղել,-հարցրեց քահանան։
–Պարզվում է, որ իմ ամուսինը լավագույնն է։