Մոսկվան ու Անկարան «պայմանավորվել են չպայմանավորվել». Ռուսաստանը Հայաստանի պես չի՞ վարվի

ԺԱՄԱՆՑ

 

Համաշխարհային մամուլը քննարկում է իրադարձությունների հնարավոր զարգացումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Սահմաններին զորքերի ակտիվ տեղաշարժեր են կատարվում: ԱՄՆ, ԵԽ և ՆԱՏՕ-ն արդեն արտահայտել են իրենց մտահոգությունը, նախագահ Բայդենը անվերապահ աջակցություն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, իսկ վերլուծաբանները ասում են, որ հնարավոր են թե լայնամասշտաբ պատերազմ, թե պարզապես «սարսափեցնող քայլեր»։

Այս ամենը տեղի է ունենում Թուրքիայում հետաքրքիր իրադարձությունների ֆոնին. նախագահ Էրդողանը որոշել է կառուցել Ստամբուլի ջրանցքը, ինչը կարող է հանգեցնել Մոնթրոյի կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալուն, իսկ դա նշանակում է Սև ծովի ռազմական «բացում»։ Թուրք պաշտոնաթող ծովակալներն ու գեներալները բացահայտ արտահայտել են իրենց բողոքը, ինչը Էրդողանը անվանել է «ռազմական հեղաշրջման» փորձ եւ ձերբակալել նրանցից մի քանիսին։

Ապրիլի 10-ին Ոուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կայցելի Թուրքիա. «Դեռ բարդ է կանխատեսել իրադարձությունների  զարգացումը, սակայն եկեք չմոռանանք Թուրքիայի և Ռուսաստանի միջև գործող «պայմանավորվել ենք չպայմանավորվել» համաձայնության մասին», գրում են թուրքական թերթերը։

Թուրք փորձագետները քննարկում են, թե ինչպես կվարվի Թուրքիան, եթե Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն բախվեն Ուկրաինայում։ 2020 թվականի դեկտեմբերի 14-ին, Ղարաբաղում «փորձարկումից» հետո, Ուկրաինան և Թուրքիան ստորագրել են «Բայրաքտար» ԱԹՍ-ների ձեռք բերման համաձայնագիր։ Այս անօդաչուները կարող են օգտագործվել Ռուսաստանի դեմ, որի հետ Թուրքիան Ակնայում ունի ընդհանուր «դիտարկման կենտրոն» ։

«Անցած շաբաթ անսպասելիորեն ակտիվացված ռուսական ինքնաթիռների հետապնդմանը ՆԱՏՕ-ի անդամ-երկրների հետ միասին մասնակցել են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի կործանիչները։ Եթե Ռուսաստանը կատարի ևս մեկ քայլ առաջ, ի՞նչ կձեռնարկի ՆԱՏՕ-ն։ Ի՞նչ է անելու Անկարան այս իրավիճակում, հատկապես երբ ՆԱՏՕ-ի միացյալ օպերատիվ խումբը գտնվում է Անկարայի հրամանատարության տակ։ Այս խմբի նպատակն է կանխել Ռուսաստանի ապակայունացնող գործողություները Ուկրաինայի և Վրաստանի նկատմամբ», գրում է թուրքական Միլլիյեթը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պատժամիջոցներ է կիրառել Թուրքիայի չորս դաշնային պաշտոնյանների և մեկ պետական մարմնի նկատմամբ։

«Ռուսաստանին այլ բան չի մնում, քան պաշտպանել մեր հայրենակիցներին Դոնբասում, որոնք ընտրել են ուկրաինական շովինիզմից ազատվելու ուղին։ Այնպիսի դիրքորոշումը, ինչպիսին ընտրել է Երևանը անցած տարվա աշնանը, անընդունելի է, դրա հետևանքները աղետալի կարող են լինել մեր հայրենիքի համար, – կարծում է ռուս վերլուծաբան Միխայիլ Դեմուրինը. – 2020 թվականի սեպտեմբերին Բաքուն խախտել է հրադադարի ռեժիմը ի պատասխան ինքնորոշման ձգտումների, և դա չի հանգեցրել ոչ միայն պատժի, այլ նաև միջազգային դատապարտման, այդ թվում Ռուսաստանի կողմից»:

Ռուսաստանը դեռ երկար ժամանակ վճարելու է իր պահվածքի համար։

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
Оцените статью