Ով կճանաչի Արցախը

ԺԱՄԱՆՑ

Վերին Շորժայում հայ զինծառայողի սպանությունից հետո իրավիճակ է փոխվում, որը, դատելով շահագրգիռ կողմերի պաշտոնական հայտարարություններից, ենթադրում է զարգացումների հնարավոր հետեւյալ տարբերակները.

Ռուսաստանն ու Բաքուն զինված բախում են հրահրում, Հայաստան է մտցվում ՀԱՊԿ կամ ռուսական զորք «խաղաղապահ առաքելության», ավելի կոնկրետ՝ Հայաստանի «արցախացման» նպատակով։ Սահմանին ճգնաժամի լուծման այսպես կոչված դիվանագիտական-քաղաքական ճանապարհները սպառվում են:

Հայաստանը չի բացառում ՀԱՊԿ-ին չորրորդ հոդվածով դիմելը, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հայաստանն այդ հոդվածով կդիմի՞ ՀԱՊԿ-ին եւ ինչպե՞ս կարձագանքի այդ բլոկը։

Ռուսաստանը Հայաստանին «համոզում է» գնալ զիջումների, ճանաչել Արցախի պատկանելությունը Բաքվին, սահմանազատման մասին համաձայնագիր ստորագրել գերիների վերադարձի դիմաց՝ որպես նախընտրական բոնուս։

Ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովը Երեւանում հանդիպել է պաշտպանության նախարարի եւ Բաքվում՝ տեղի իշխանությունների հետ։ Հայաստանի ՊՆ-ն կրակ չի բացում ագրեսորի վրա, ինչպես պարզվեց վարչապետի ելույթից՝ «ՀԱՊԿ գործընկերների հորդորով»։

Հայաստանը դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ պահանջում է քննարկումներ ԵԱՀԿ Միսնկի խմբում:

Լուսավոր Հայաստան կուսակցությունը կոչ է անում Հայաստանի կառավարությանը դիմել ՄԱԿ ԱԽ Ադրբեջանի ագրեսիայի հարցով՝ ըստ ՄԱԿ-ի կանոնակարգի 34-րդ հոդվածի, նշված է կուսակցության հայտարարությունում։

«Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում ռազմական գործողությունների իրականացումը իրավունք է տալիս Հայաստանի Հանրապետությանը ձեռնարկել անհրաժեշտ և համարժեք քայլեր՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Հայկական կողմը պատրաստ է ներգրավել միջազգային հետաքննություն՝ տվյալ մահաբեր միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով», – նշված է Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում:

Երեկ կայացել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որտեղ Բաքվի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «ընդգծել է եռակողմ հայտարարության կատարման կարեւորությունը»։ Բայրամովի խոսքով, «օկուպացիայի գործոնի վերացումից հետո Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հնարավորություն է ծագել, ինչը հնարավոր է երկու երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հիման վրա։ Այս համատեքստում նախարարը խոսել է Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին», – նշված է պաշտոնական հաղորդագրությունում։

Այլ խոսքով, Բաքուն պնդում է եռակողմ բանակցություններ ու խաղաղության պայմանագրի ստորագրում՝ Արցախն «Ադրբեջանի մաս ճանաչելով»։ Հայաստանը դեռ չի հայտարարել եռակողմ ձեւաչափից հրաժարվելու մասին, թեեւ հայտարարել է, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում։

«Համոզել» Ալիեւին ճանաչել Արցախի կարգավիճակը խաղաղության պայմանագրի ստորագրման ու Նախիջեւանի բացման դիմաց։

Բաքվի համար ճիշտ կլիներ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը, հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։ Նա նշել է, որ ոչ ԽՍՀՄ փլուզման ժամանակ, ոչ էլ առավել եւս հիմա Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պատրաստ չէ ապրել Ադրբեջանի կազմում։

Իրանի ԱԳ նախարար Զարիֆը Բաքվում ակնարկել է Ալիեւի «պատմական առաքելության» մասին։ «Հիմա դուք կարող եք պատմական դեր խաղալ տարածաշրջանում խաղաղության հաստատման համար եւ ուզում ենք շնորհակալություն հայտնել, որ արտահայտել եք Հայաստանի հետ խաղաղության ձեր ձգտումը», Ալիեւին ասել է Զարիֆը։

Արցախի կարգավիճակի ճանաչումն առանցքային գործոն է բոլոր հնարավոր տարբերակներում։ Ինչպե՞ս կարձագանքի Երեւանը։

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
Оцените статью