Պուտինի պատասխանը Փաշինյանին

ԺԱՄԱՆՑ

Տեղեկություն էր տարածվել, որ հայ զինվորականների եւ Արցախում ՌԴ ռազմական կոնտինգենտի հրամանատար Մուրադովի մասնակցությամբ բանակցություններն իբր արդյունք են տվել, եւ Հայաստանի տարածք ներխուժած թուրքերը վաղը հետ են քաշվելու։ Տեղեկություն էլ կա, որ նրանք մնում են Հայաստանի տարածքում մոտ 2 կիլոմետր խորությամբ, տեղադրվելու են հայերի ու թուրքերի պոստեր, մինչեւ դեմարկացիայի գործընթացի մեկնարկը։

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին խորհրդակցությունների համար, եւ այդ մեխանիզմը գործարկվել է։ Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը դիմել է Պուտինին՝ 1997 թ․ պայմանագրով նախատեսված ռազմական օգնության համար։ Մինչ այդ նա հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ, ով անվերապահ աջակցություն էր հայտնել Հայաստանին եւ հայտնել, որ խնդիրը հնարավոր է կարգավորել միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդում։ Նա պատրաստակամություն էր հայտնել նաեւ ռազմական աջակցություն ցուցաբերել։ Թուրքական ներխուժումը դատապարտել են ԱՄՆ-ն եւ այլ երկրներ։

ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը աջակցություն չեն ցուցաբերելու Հայաստանին։ Եվ եթե ՀԱՊԿ-ի դեպքում կա խուսանավելու հնարավորություն՝ ընթացակարգերը ձգձգելու եւ անդամ երկրների միջեւ կոնսենսուսի բացակայության պատճառաբանությամբ, Ռուսաստանի պարագան այլ է։ Սա միջպետական պայմանագիր է, արանքում այլ երկրներ կամ «թուրք» չկա, խոսքը պայմանագրային ուղիղ պարտավորությունների մասին է։ Հետաքրքիր է՝ այդ պայմանագրով պատասխանի ի՞նչ ժամկետներ ու ընթացակարգեր կան։

Բաքվին դեպի տարածքային եւ հաղորդակցական նոր պահանջներ առաջնորդում է Մոսկվան, որը Բաքվին երաշխիքներ է տվել, որ հայերը ռազմական պատասխանի չեն դիմի: Հայաստանին զգուշացվել է, որ նման քայլերը դիտարկվելու են 2020-ի նոյեմբեր 9-ի հրադադարի խախտում:

Մակրոնի կոշտ հայտարարության ու Հայաստանի հանրության շրջանում դժգոհությունների պարագային Ռուսաստանի քայլերը, մանավանդ Լավրովի՝ Բաքվին տված երաշխիքների ու Հայաստանի դեմ սպառնալիքների պայմաններում, ակնհայտ թշնամական են դիտարկվում։

Ռուսաստանը ռազմական օգնություն չի ցուցաբերելու, միաժամանակ մերժումը չափազանց ցցուն քայլ կլիներ, եւ ներկայում Մոսկվայի համար վատ, սակայն միակ տարբերակը մնում է մասնակի ետքաշումը, ինչը տակավին անընդունելի է մեզ համար ՀՀ կողմից դեպի «Ադրբեջանի տարածք» սիմետրիկ առաջխաղացման բացակայության պայմաններում։ Նաեւ դրանով էր պայմանավորված Մուրադովի ներգրավումը բանակցություններին, թեեւ այստեղ կան խորքային պահեր, որոնց կանդրադառնանք առաջիկայում։

Պուտինը չի պատասխանել Նիկոլ Փաշինյանի դիմումին, միեւնույն ժամանակ պատասխանել է այլ կերպ․ նա այսօր պետական պարգեւներ է բաժանել Բաքվի մշակույթի գործիչներին՝ ռուս-ադրբեջանական մշակութային կապերը պահպանելու եւ ամրապնդելու համար։

Երկիրը պաշտպանել է պետք՝ անկախ ամեն ինչից։ Հայաստանի կառավարության իրավիճակային քայլերը խնդիրների լուծում չեն, այլ ավելի են խորացնում դրանք։ Միջազգային աջակցությունը չպետք է մսխվի իրավիճակային քայլերով, այլ օգտագործվի Հայաստանի շահերի եւ իրավունքների հաստատման համար՝ ընդառաջ հետեւողական քայլերով։ Այլապես, կորսվելու է թե մեկը, թե մյուսը։

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
Оцените статью