ՌԴ ԱԳՆ վերահաստատեց Լավրովյան ծրագիրը. Ոչ մի կարգավիճակ, տվեք միջանցքներ ու ականաքարտեզ

ԺԱՄԱՆՑ

«Հիմա հարցերի հիմնական մասը կապված է հումանիտար խնդիրների հետ՝ ռազմագերիների փոխանակում, զոհվածների աճյունների վերադարձ, փախստականներ ու նրանց համար բնակության անհրաժեշտ պայմանների ապահովում: Սուր է դրված Լեռնային Ղարաբաղի տարածքի և դրա հարակից շրջանների ականազերծման հարցը», ասել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Ըստ նրա՝ այս հարցում դրական դերակատարում կարող են ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Նկատենք՝ Լավրովի տեղակալը ԵԱՀԿ Մինսկի խմբին «հատկացնում է» հումանիտար, հաղորդակցական եւ այլ խնդիրներով օժանդակ դեր, բայց ոչ այդ խմբի մանդատով պայմանավորված քաղաքական կարգավորում, մասնավորապես՝ Արցախի միջանկյալ եւ վեջնական կարգավիճակի որոշումը, այսինքն արցախցիների ինքնորոշումը։

Ավելին, ՌԴ ԱԳՆ հատկացրած բոլոր խնդիրները ռուս-թուրքական օրակարգից են: Նույնիսկ հայ գերիների եւ փախստականների հարցը այդտեղից է: Հայերին են կասկածելի հանգամանքներով գերել՝ ոչ հակառակը, թուրք փախստականները կարող են վերադառնալ իրենց տները, իսկ Հադրութի եւ Շուշիի հայերը՝ ոչ: Այդպիսին է ռռւս-թուրքական պայմանավորվածությունը:

Մոսկվան ու Բաքուն համարում են, որ Ղարաբաղի խնդիրը լուծված է, թեեւ ռուսները, Մարիա-Մագդալենայի հայացքը ամպերին ուղղած, երբեմն հղում են անում Մինսկի խմբին։ Կարասինի հայտարարությունը եւս մեկ հաստատում է, որ Ռուսաստանը ցանկանում է լեգիտիմացնել Թուրքիայի հետ Հայաստանի դեմ ագրեսիան եւ եռակողմ հայտարարությունը Մինսկի խմբին հումանիտար խնդիրներին ներգրավելով։

Նման հանգամանքներում, Բաքուն ժամանակին կտրականապես դեմ էր հանդես գալիս, ճշմարտացի նկատելով, որ Մինսկի խմբի օրինակ մաոնիթորինգը 1994 գծի երկայնքով լեգիտիմացնում է Առաջին պատերազմի՝ հայերի համար հաղթական արդյունքները:

Արեւմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, համառորեն չի ընդունում եռակողմ հայտարարությունը որպես խնդրի կարգավորում։ Ավելին, ամերիկացիները նշում են, որ տեւական խաղաղությունը հնարավոր է քաղաքական կարգավորման միջոցով, իսկ Մոսկվայի սեպարատ գործողություններն ուղղված են ռազմական ներկայության հաստատմանը, շահագրգռված չլինելով հակամարտության լուծմամբ։

Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը ICR Center-ի իր հոդվածում գրել էր, որ «երբ Լավրովի ծրագիրը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը` Ռուսաստանի համանախագահ դեսպան Պոպովին՝ Կրեմլը կհամաձայնի՞ իրականացնել, եթե Երեւանն ու Բաքուն զիջեն եւ ընդունեն այն: Նա անկեղծ պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»:

Ռուսաստանը Լավրովի ծրագիրը իրականացրել է Հայաստանի դեմ պատերազմով՝ Հայաստանի պարտության ու Արցախի կարգավիճակի ոչնչացման դիմաց իր զորքը մտցնելով Արցախ: Դա միակ տարբերակն էր Մոսկվայի համար գոնե սահմանափակ ժամանակ մնալ Կովկասում եւ միաժամանակ հնարավորինս թուլացնել Հայաստանի ինքնուրույնությունը։ Կարգավորման ցանկացած այլ տարբերակի պարագայում դա հնարավոր չէր՝ Ռուսաստանը անմիջապես կանգնում էր երկրի մասնատման հեռանկարի առջեւ։

Оцените статью