Ռուսաստանն արագացնում է զորքի տեղակայումը. ինչ է սպասվում

ԺԱՄԱՆՑ

Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում Բաքվի զինված ներխուժումներից հետո Արցախում ռուս «խաղաղապահների» հրամանատար Մուրադովը ներգրավվել է բանակցություններին: Այսօր, ըստ զլմ-ների տեղեկությունների, նա Մոսկվայում մասնակցելու է եռակողմ բանակցությունների՝ կապված սահմանային իրավիճակի հետ: Երեկ տեղեկություններ եղան, որ ռուս զինվորականներն այցելել են Գեղարքունիքի սահմանային բնակավայրեր, ըստ ամենայնի՝ տեղակայման նպատակով: Ավելի վաղ տեղեկություններ էին հրապարակվել Տավուշի մարզում ռուս զինվորականների ներկայության մասին:

Չնայած ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արցախի խնդիրը կապ չունի Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային խնդիրների հետ, միայն Մուրադովի կենտրոնական դերը բանակցություններում վկայում է հակառակի մասին: Հայաստանի սահմանային խնդիրները Արցախում Լավրովի պլանի իրականացման ոչ միայն արդյունքն է, այլեւ նպատակը:

Սահմանազատման եւ սահմանանշման, ապաշրջափակման քողի տակ իրականացվող Լավրովի ընդլայնված ծրագիրը նախատեսում է Սյունիքից Վայոց ձոր, Արարատ, Գեղարքունիք եւ Տավուշ ռուսական ռազմական ներկայության ճակատային գծի ձեւավորումը, ՀՀ մի շարք տարածքների նկատմամբ ՀՀ պետական իրավասության սահմանափակման կամ փաստացի վերացման հաշվին: Լրագիրը այս խնդրին բազմիցս անդրադարձել է:

Այս ծրագրերի իրականացման համար գործի է դրվել անկանոն պատերազմի մեթոդներով ունիվերսալ մեխանիզմ՝ սահմաններին լարվածության օջախների ստեղծում՝ Բաքվի զինված ներխուժումների, հայ զինծառայողների սպանության ու գերեվարման միջոցով, եւ դրանց հետագա ռուսական «խաղաղացում», հայկական բանակը ենթարկելու, ժողովրդի հավաքական հոգեբանությունը խեղելու պայմաններում:

Մոսկվան արագացնում է այս գործընթացը սեփական ներքին ու արտաքին խնդիրների խորացող ճգնաժամի ֆոնին: Նոյեմբերի 9-ի հայտարարության հավելվածի «արտահոսքը», Ռուսաստանի կամ Մինսկի խմբի անդամ մյուս երկրների դիտորդներին սահմանին տեղակայելու վարչապետի առաջարկը, Սյունիքում ՌԴ ԱԴԾ-ին անհատույց հողամասեր հատկացնելու որոշումները, «անկլավների» մասին իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները, ՀՀ պաշտպանության նախարարի «կարեւոր գործուղումը Մոսկվա» եւ նույն օրը ԱԳ նախարար Արա Այվազյանի հրաժարականը դրա վկայությունն են:

«Սյունիքում ու ընդհանրապես Հայաստանում Ռուսաստանի հետ անվտանգության նոր համակարգի կառուցումը» հենց սա է՝ Հայաստանի պետական ինքնիշխանության փաստացի վերացման հաշվին: Ռուսական ծրագրի հաջողության գրավականը նաեւ Հայաստանի իշխող ու ռուսանպաստ ընդդիմադիր խմբերի շարունակվող նողկալի «բանավեճն է»՝ հիմա արդեն մոսկովյան հրահանգով արտահերթ ընտրության շրջանակներում՝ հանուն ապագա ժամանակավոր ռեզերվացիայում ուչաստկովի աշխատելու:

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
Оцените статью