Վիտամին К-ն, որը պարունակվում է սպանախի, բրոկոլիի ու կալեի մեջ, օգնում է պահպանել սրտի ձախ փորոքի չափերը, որը մասնակցում է թթվածնով հարստացած արյան շրջանառությանը։ Իսկ այդ վիտամինի պակասը հանգեցնում է ձախ փորոքի մեծացմանը, ինչն անդրադառնում է ամբողջ սրտի աշխատանքի վրա ու կարող է լուրջ խնդիրների հանգեցնել։ Այս մասին ասվում է The Journal of Nutrition ամսագրում հրապարակված հետազոտության մեջ։
Ուշագրավ է, որ Augusta University համալսարանի գիտնականներն իրենց դիտարկման համար ընտրել էին 14-18 տարեկան 766 առողջ դեռահասների։ Պարզվել է, որ նույնիսկ այդ տարիքում կարելի է ունենալ սրտի խնդիրներ, որոնք պայմանավորված են անառողջ սննդակարգով։
Վերլուծելով ստացված տվյալները՝ նախագծի հեղինակները տագնապով արձանագրել են, որ երիտասարդները վիտամին К-ի չափից փոքր քանակություն են ստանում սննդամթերքի հետ։ Այդ վիտամինի նորմալ մակարդակ գրանցվել է կամավորների միայն մեկ քառորդի մոտ։
Գաղտնիք չէ, որ կանաչ բանջարեղենը, օրինակ սպանախը, կաղամբը, երիտասարդների սիրելի սննդամթերքը չի կարելի համարել։ Բայց գիտնականները նախազգուշացնում են, որ դրանց մշտական պակասը վտանգավոր է առողջության համար։ Հետազոտությանը մասնակցած դեռահասների 10 տոկոսն արդեն ուներ սրտի ձախ փորոտիքի լայնացում, չնայած սովորաբար նման խնդիրներն ի հայտ են գալիս միայն մեծ տարիքում, երբ մոտենում է ծերությունը։
Վիտամին К-ի լավագույն աղբյուրն են համարվում կանաչ բանջարեղենն ու ձիթապտղի յուղը։