ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գերեվարվածը, երբ գիշերը քնում է, ցանկանում է առավոտյան չարթնանալ». գերեվարվածի պատասխանը Փաշինյանին

ԺԱՄԱՆՑ

 

 

Այսօր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները` Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի գլխավորությամբ, հանդիպում ունեցան պատերազմի մասնակից մի քանի տասնյակ մարդկանց հետ: Այս հանդիպմանը նրանց հետ մասնակցում էր նաև Պերճ Ավետիսյանը, որը պատերազմի մասնակից լինելուց հետո երկու ամիս գերի է եղել Ադրբեջանում, ապա վերադարձել է Հայաստան: Նա ևս ընդգրկված է ՀԱԿ-ի ընտրական ցուցակում:

«Պերճ Ավետիսյանը գնացել է և կռվել է այս պատերազմի ժամանակ, կռվել է քաջաբար», — ներկայացրեց Զուրաբյանը:

Հայ ազգային կոնգրեսի ցուցակում ընդգրկված, պատերազմի մասնակից, ապա երկու ամիս Ադրբեջանում գերի եղած Պերճ Ավետիսյանն անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե այժմ Բաքվում գերի գտնվող տղաները կներեն իրենց այնտեղ ևս երկու ամիս անցկացնելու համար, քանի որ գերիների դիմաց Հայաստանից անհամաչափ զիջումներ են պահանջում, փորձում են նման պայմաններ պարտադրել ՀՀ-ին: Ըստ Փաշինյանի` այս մարդիկ Բաքվի բանտերում պայքարում են Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար: Պերճ Ավետիսյանն անթույլատրելի համարեց վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունը:

«Երբ մարդ գերության մեջ է լինում, գիշերը քնում է, մի պահ է գալիս, որ նա ցանկանում է առավոտյան չարթնանալ, որպեսզի այդ դժվարությունները այլևս ինքը չնկատի: Պատերազմ անցած, մանավանդ գերության մեջ ընկած մարդու նկատմամբ այդպիսի արտահայտություն երբեք չի կարելի անել», — ասաց նա:

 

 

Оцените статью