Նապոլեոնը հայտնի թխվածք է, որը բոլորն են սիրում։ Առաջարկում ենք այս հրաշալի թխվածքի պատրաստման արագ եղանակ՝ առանց շերտավոր խմորի։ Բաղադրիչները շատ պարզ են, ամենուր հասանելի։
Անհրաժեշտ բաղադրիչներ․
- ալյուր՝ 600-650գ
- մարգարին կամ կարագ՝ 350գ
- ձու՝ 2 հատ
- ջուր՝ 150մլ
- աղ՝ 1/8 թ․գ․
- քացախ 6%՝ 1ճ․գ․
կրեմի համար․
- կաթ՝ 750մլ
- ձու՝ 6 հատ
- շաքարավազ՝ 350գ
- ալյուր՝ 3ճ․գ․
- վանիլին
Պատրաստման եղանակ․
Կորժերը պատրաստելու համար սառը ջրին ավելացնել քացախը և խառնել։ Ձուն հարել։ Խառնել ջուրն ու քացախը՝ հարած ձվի հետ, աղ ավելացնել և խառնել։
Սառը կարագն անցկացնել խոշոր քերիչով, խառնել ալյուրի հետ և կտրատել։ Ստացված զանգվածի մեջտեղում փոսիկ անել և լցնել նախապատրաստված հեղուկ զանգվածը։
Խմոր հունցել և բաժանել 10-12 հավասար մասերի և գնդիկներ ձևավորել։ 1 ժամ թողնել սառնարանում։
Ջեռոցը միացնել՝ մինչև 180 ջերմաստիճանի տաքացնելով։ Խմորի յուրաքանչյուր գնդիկը գրտնակել՝ որքան հնարավոր է բարակ։ Կափարիչ դնել խմորի վրա և կլոր կտրել։ Շերտերը ծակծկել պատառաքաղով և թխել մոտ 15 րոպե՝ մինչ ոսկեգույն դառնալը։
Խմորի կողքերից կտրված կտորները նույնպես թխել։
Կրեմի համար խառնել շաքարավազը, ձուն և ալյուրը։ Լցնել սառը կաթը։ Լավ խառնել։
Դնել թույլ կրակին և հասցնել եռման աստիճանի՝ անդադար խառնելով,բայց թույլ չտալ, որ այն սկսի եռալ։ Ավելացնել վանիլինը և հանել կրակից։ Թողնել, որ սառի։
Կորժերն առատորեն պատել կրեմով, տորթը հավաքել։ Կրեմ քսել նաև կողքի հատվածներին։ Փշրել թխված խմորի կտորները և դրանով ծածկել տորթը։ Մի քանի ժամ պահել սառնարանում, այնուհետև մատուցել։
Բարի ախորժակ։