Ադրբեջանցիները, օկուպացնելով Սյունիքի տարածքները, մեծ քանակությամբ ապօրինի հատումներ են իրականացրել Շիկահողի արգելոցում՝ կատարելով ինժեներական աշխատանքներ։ Այս փաստը «Առավոտի» հետ զրույցում հաստատեց Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Ադրբեջանական կողմի գործողությունների հետեւանքով «Շիկահող» պետական արգելոցը վտանգված է։
«Մեծ քանակությամբ հատումներ են իրականացվում Շիկահող պետական արգելոցում։ Իրենք ինժեներական կառույցներ ու ճանապարհներ են կառուցում, ամրանում են, խրամատներ են փորում։ Այսինքն՝ մեծ վնասներ են հասցնում նաեւ էկոհամակարգին»,- ասաց Գևորգ Փարսյանը։
Նա հիշեցրեց, որ Կապան քաղաքն ու համայնքի 18 գյուղական բնակավայրեր սահմանամերձ են համարվում 2021 թվականի դեկտեմբերի 18-ից հետո։ Իսկ 2022 թվականի ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանցիներն օկուպացրել են համայնքի տարածքները։
Ըստ Փարսյանի՝ լուծումն այն է, որ ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն այդ տարածքներից։ «Մենք սահմանների հետ կապված խնդիրներ ունենք, հատկապես Ներքին Հանդում է իրավիճակը մտահոգիչ։ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով մեր վարչական տարածքներից մոտ 2700 հա հող օկուպացված է ադրբեջանցիների կողմից, եւ հիմա ադրբեջանական զորքերն են տեղակայված մեր տարածքներում։
Բնականաբար այդ իրավիճակը մտահոգիչ է, ներկայում բնակչության մոտ ավելի շատ անորոշության մթնոլորտ է՝ կապված ընդհանուր իրավիճակի հետ»,- ասաց նա։