Երկու օր առաջ Երասխի դիրքերում զոհ վ ш ծ 18–ամյա Արշակը կարատեի Հայաստանի չեմպիոն էր, աշխարհի գավաթակիր։ Նա 2017 թվականին, Ռումինիայում մասնակցել էր կարատեի պատանիների աշխարհի առաջնությանը, զբաղեցրել երրորդ հորիզոնականը։
Արշակը մարտի 22-ին Երասխի դիրքերից մեկում զ ո հվեց գլխի շրջանում ստացած՝ հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Նա 8 ամիս առաջ էր բանակ զորակոչվել՝ ժամանակավոր դադար տալով իր սպորտային կարիերային։ Արշակը փայլուն էր սկսել կարիերան՝ ընդամենը 5 տարվա ընթացքում հաջողացնելով երկու մեծ հաղթանակներ գրանցել։
«Դա իր կարիերիայի սկիզբն էր, դրա համար եմ շեշտում, որ մեր համար լավագույն արդյունք է, երբ սահմանամերձ շրջանում մարզվելով՝ Արշակն արժանացել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսին, որից հետո աշխարհի գավաթակիր դարձել, իսկ մնացածն արդեն ապագայի խնդիր էր։ Արշակը գործող մարզիկ էր, լավ սպորտսմեն, լավ հեռանկարային մարզիկի մասին եմ խոսում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է Հայաստանի ճապոնական Շոտոկան կարատեի ֆեդերացիայի մարզիչ Կարեն Սամսոնյանը։
Բանակից զորացրվելուց հետո Արշակը մտադիր էր շարունակել սպորտային կարիերան։
«Արշակը հասել է մինչեւ սեւ գոտի առաջին դանի թեկնածու, պետք է արդեն միջազգային սեւ գոտի հանձներ, բայց բանակ զորակոչվեց՝չհասցրեց։ Ընդամենը երեք օր առաջ էի հանդիպել նրա ծնողների հետ, խոսում էինք Արշակի մասին, հետո զանգել, ասել էր՝ սենսեյին ասեք, որ ես գալու եմ շարունակեմ մարզումները։ Դրա համար եմ վստահ ասում, որ կարատեն շարունակելու լուրջ նպատակներ է ունեցել»,– նշում է մարզիչը։
Արշակը Սյունիքի մարզի Ագարակ համայնքից էր, որտեղ այսօր նրան հուղարկավորել են զինվորական կարգով։ Նա Սարգսյանների ընտանիքի ավագ որդին էր։
Արշակին ընկերները իր կենսուրախ լինելով են հիշում։
«Արշակը զուսպ, համեստ, ընկերասեր տղա էր։ Ընկերների համար ամենամեծ լավությունը անելուց հետո փորձում էր իր արածի կարեւորությունը նվազագույնին հասցնել։ Արշակի հետ կապի մեջ էի, երբեք չէր դժգոհում, էությամբ էնպիսի տղա էր, որ եթե ինչ–որ բան էն չլիներ՝ մեզ չէր ասի էդ մասին»,– ասում է Արշակի դասընկերուհին՝ Գայանե Հակոբյանը։