Եղանակի կանխատեսում 2023թ. ապրիլ ամսվա համար․ հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից

Ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Եղանակի կանխատեսում 2023թ. ապրիլ ամսվա համար

2023թ. ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն  արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետությունում  կազմում է +4.7°C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6° C:

Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7°C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում  է բացասական ջերմաստիճան):

Ապրիլի կեսերին 2000 մետրից բարձր վայրերում դիտվում է օդի օրական միջին ջերմաստիճանի անցումը 0°C բարձր, որը համարվում է ձմռան ավարտ, տաք շրջաններում տեղի է ունենում օրական միջին ջերմաստիճանի անցումը 10°C բարձր:

Ապրիլի առաջին տասնօրյակում բավականին մեծ են ջերմաստիճանային տարբերությունները` միջին ջերմաստիճանը Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում կազմում է +2.5…+3.0°C, Լոռիում, Տավուշում՝ +7…+8°C, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +10…+12°C:

Երկրորդ տասնօրյակում միջին ջերմաստիճանը +1.5…+2.0°C-ով բարձր է առաջին տասնօրյակի ջերմաստիճանից, սակայն լեռնային շրջաններում  դեռ հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև  -15…-20°C:

Երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6.6°C:

Միջին առավելագույն ջերմաստիճանը Շիրակում գրանցվում է` +17…+20°C, Լոռիում` +20…+24°C, Տավուշում` +20…+25°C, Գեղարքունքիում` +13…+17°C, Արարատյան դաշտում` +25…26°C, Սյունիքում` +23…+29°C:

Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 2008թ ապրիլին Սյունիքի հովիտներում հասել է +35…+36°C, Արարատյան դաշտում` +33…+35°C, Տավուշում` +29…+30°C (Բագրատաշեն  32…34°C):

Ապրիլի առաջին տասնօրյակում հովտային շրջաններում գրանցված բացասական ջերմաստիճանը համարվում է ցրտահարություն, որը խիստ վտանգավոր է գյուղատնտեսության համար՝ այստեղ սկսվում է պտղատու ծառերի ծաղկումը, կատարվում է գյուղատնտեսական կուլտուրաների (հացահատիկի, կարտոֆիլի և այլն) ցանքը և տնկումը: 2004թ ապրիլի 5-ի գիշերը, գրանցված նվազագույն ջերմաստիճանները ցածր էին ապրիլին երբևէ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճաններից՝ լեռնային շրջաններում գրանցվեց -16…-21°C (Մասրիկում`-23°C), Լոռիում` -11…-16°C, Տավուշում, Արարատյան դաշտում և Սյունիքի նախալեռներում` -5…-10°C, Սյունիքի հովիտներում` -2…-4°C):

Ապրիլին տեղումների միջին քանակը կազմում է 77մմ, որը տարեկան տեղումների 12%-ն է: Տեղումների առավելագույն քանակը գրանցվում է լեռնային շրջաններում (Ամբերդ, Գառնհովիտ, Սեմյոնովկա)` 100մմ, Արագածոտնի լեռնային շրջաններում, Կոտայքում, Սյունիքի հովիտներում`  60-80մմ: Համեմատաբար քիչ տեղումներ գրանցվում են Արարատյան դաշտում` 30-50մմ: Ընդ որում այդ քանակը ամսվա ընթացքում բաշխվում է գրեթե հավասարաչափ: Տեղումներով օրերի թիվը կազմում է 10-15 օր:

Բարձր լեռնային շրջաններում (2000մ-ից ավելի) տեղումները դիտվում են ձյան կամ թաց ձյան տեսքով: Առատ տեղումներ են գրանցվել 1963, 1978, 1984, 2006, 2007, 2010, 2011թթ.(ամսական նորմայի կրկնապատիկ և եռապատիկ քանակը): Չորային են եղել 1943, 1950, 1970, 1983, 2008, 2012թթ:

Ինչպիսի եղանակ է սպասվում ապրիլ ամսին

Առանձին չորային տարիների Արարատյան դաշտում գրանցվել է տեղումների ամսական նորմայի 1%: Ապրիլին, որպես կանոն, վերանում է ձնածածկույթը՝ բացառությամբ` բարձր լեռնային շրջանների: Յուրաքանչյուր 10 տարվա ընթացքում 1-2 օր հովտային շրջաններում կարող է ձյուն տեղալ: Օդի հարաբերական խոնավությունը ապրիլին բավական բարձր է՝ 60-75%, Արարատյան դաշտում՝ 55-60%:

Ապրիլին ակտիվանում է ամպրոպային գործունեությունը, հազվադեպ կարող է դիտվել նաև կարկուտ: Ամպրոպով օրերի թիվը միջինը կազմում է 3-5 օր:

Оцените статью