Լուսինեն նեղացած գնաց բոլորից, բարեկամությունն էլ էր լքել իրեն, ընկերությունից էլ էր նեղացել․․․ Իր համար հարազատ էին շները, կատուները․․․

«Կիրակոսյանը վառ անհատականություն էր ոչ միայն կյանքում, այլ նաև բեմում, նրա համար չկա ողբերգություն, նա Աստծուց տրված շնորհ ուներ»։

Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում վաստակավոր արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Գրիգոր Գաբրիելյանը՝ բնութագրելով վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանին։

Գաբրիելյանի խոսքով՝ Կիրակոսյանը կարողացել է միայն իրեն տրված շնորհքի մի մասը օգտագործել։ «Ես իր հետ մի քանի դերերում ամուսին էի խաղում, և ներկայացումը դառնում էր տոն, ներկայացման գալիս էր շատ հաճույքով, շատ էր սիրում իր աշխատանքը։ Անընդհատ բարձր ծիծաղում էր, ամեն ինչ հումորով էր ընդունում, թվում էր, թե մատների արանքով է նայում, բայց ներսում ուրիշ բան էր կատարվում, հրաշալի դերասանուհի էր»։

Գաբրիելյանը նշեց, որ մոտ 40 տարի միասին աշխատել են։ «Հետո չգիտես ինչու նա սկսեց այդ հեռուստասերիալներում նկարվել և թատրոնից կամաց-կամաց հեռացավ»։

Գաբրիելյանը չցանկացավ թատրոնից հեռանալու պատճառները նշել․ «Պետք չէ այդ մասին խոսել, քանի որ մենք՝ դերասաններս էլ ենք ինչ-որ տեղ մեղավոր, հետևողական չենք ինչ-որ բաների, քանի որ փառքը այնպիսի բան է, որ գալիս է ու գնում, դա երես է տալիս շատերին, բայց ո՛չ, նրա վրա չազդեց դա, նա միշտ մնաց հասարակ ժողովրդին մոտ և մեր հիշողության մեջ այդպես էլ կմնա»։

Գաբրելյանը նշեց, որ վերջին անգամ, երբ հիվանդանոց այցի են գնացել Կիրակոսյանին, չի հաջողվել մտնել մոտը, քանի որ ի վիճակի չի եղել իրենց ընդունել և ինչ-որ մեկին ճանաչել։ «Հետո ասացինք՝ հիվանդասենյակ տեղափոխեն, կգնանք, դա էլ չեղավ, այս վատ լուրը ստացանք»,— սրտնեղեց Գաբրիելյանը։ Գաբրիելյանը նկատեց, որ վերջին տարիներին Կիրակոսյանը նեղացած էր մարդկանցից, իր համար ընկերներ համարում էր կենդանիներին։

«Ինքը շատ էր ինքնամփոփ, բայց շատ էր սիրում մարդկանց հետ շփվել, սիրում էր, որ իրեն հյուր գնային։ Հետո սկսեց նեղանալ մարդկանցից, իր համար հարազատ էին շները, կատուները, նրանց հետ էր կիսում իր ամեն մի լավ ու վատ օրը։ Երբ որ անընդհատ տալիս ես, տալիս ես, և պատասխան չկա, հիասթափություն ես ապրում․ արվեստագետի բնույթն է այդպիսին, արվեստագետն ուզում է, որ ինքը և իր աշխատանքը գնահատված լինեն, իսկ շատ դեպքերում չի գնահատվում։ Չի գնահատվում ոչ թե վատը լինելու համար, այլ մեզ մոտ մի քիչ նախանձություն կա, բայց ինչո՞ւ․ մեկ է, դու նրա նման չես կարող լինել, նա ուրիշ անհատականություն է, ուրիշ բնույթ ունի, ուրիշ ներաշխարհ ունի»,— ասաց Գաբրիելյանը։

Հարցին, թե ինչ է կարծում, նա նեղացա՞ծ գնաց, Գաբրիելյանն ասաց. «Նա նեղացած գնաց բոլորից՝ համ ղեկավարությունից, համ բարեկամությունից, բարեկամությունն էլ էր լքել իրեն, ընկերությունից էլ էր նեղացել․ դե բոլորը այդքան ժամանակ չունեին, կարող էինք ամենաշատը զանգել, չէինք կարողանում հանդիպել, մեր աշխատանքի բնույթը այնպես է, որ չգիտենք՝ երբ ենք ազատ, երբ՝ ոչ»,- ասաց Գաբրելյանը և հավելեց, որ Կիրակոսյանի կորուստը իսկապես մեծ կորուստ էր մեզ համար, արվեստագետների համար, որովհետև գույն կորցրինք, վառ գույն։

Оцените статью