Շնչառական վարակներ. ՀՎԿԱԿ-ից պնդում են՝ դպրոցները փակելու անհրաժեշտություն չկա

Հելենա Մելքոնյանի մանկահասակ երեխան հունվարի սկզբին հիվանդացել էր սուր շնչառական վարակով: Դեռ ամբողջությամբ չապաքինված՝ նորից է վարակվել:

«Ջերմիջեցնողներն ընդհանրապես ջերմությունը չեն իջեցնում: Տալիս եմ, 3 ժամը չի լրանում, պետք է արդեն մի ուրիշ բան տամ, որովհետև 40 է», — «Ազատության» հետ զրույցում ասաց նա, — «Միանգամից ջերմությունը բարձրացավ, ու 40 աստիճանից չեմ կարողանում իջեցնել: Ուժեղ կոկորդի ցավ: Իհարկե, բժշկի հսկողության տակ ենք: Հիվանդանոց այս անգամ չպառկեցինք, որովհետև ծանրաբեռնվածությունը շատ մեծ է»:

Մեր ֆեյսբուքյան գրառմանն արձագանքած ծնողները նշում են, որ իրենց երեխաների դպրոց-մանկապարտեզներում սուր շնչառական վիրուսներով վարակված շատ երեխաներ կան: Երևանյան մանկապարտեզներից մեկի տնօրենն ասաց՝ ավելի քան 200 երեխաներից 80-ը տանն են, մուտքի մոտ ստուգում են, ով հիվանդ է, տուն են ուղարկում: Տնօրենի անուն-ազգանունն իր խնդրանքով չի հրապարակվում:

«80 երեխա հիվանդ է՝ ջերմություն, փորլուծություն: Համատարած ամբողջ քաղաքն է այս վիճակում: Լուրջ վիրուս է, ուղղակի գրիպ չէ», — ասաց նա:

«Այբ» դպրոցն օրինակ՝ այսօրվանից հեռավար է կազմակերպում 7-12-րդ դասարանցի 269 աշակերտի ուսուցումը:

«Հիվանդությունների շղթան կտրելու և տարածումը կանխելու համար որոշվել է մինչև երկուշաբթի օրը այս դասարանների համար դասերը կազմակերպել առցանց», — փոխանցեց դպրոցի հաղորդակցության ղեկավար Նվարդ Առաքելյանը:

Оцените статью