Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 1528 ընտանիքների է սպասարկում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման պահից մինչև օրս 1528 ընտանիքների է սպասարկում։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Զինծառայողների ապահովագրության հիմադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։

«Հիշեցնեմ, որ մենք հատուցումներ ենք կատարում 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի համար, ինչպես նաև պետական բյուջեի հետ համաֆինանսավորում ենք 2008-2016 թվականները ներառյալ զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողների  դեպքում»,- ասաց նա։

Ըստ Ավետիքյանի՝ մինչ այս պահը կատարվել է շուրջ 14 մլրդ դրամի ֆինանսական հատուցումներ։ Հիմնադրամը ֆինանսական հատուցումները կատարում է ինչպես միանվագ՝ 5 կամ 10 մլն դրամի չափով, այնպես էլ ամսական 100-300 հազար դրամի սահմաններում։

«Վերջին պատերազմից այս կողմ, մինչ այս պահը մենք արդեն ունենք 1111 ընտանիք, որոնց սպասարկում ենք, որոնք մտնում են այդ իմ նշած 1528 ընտանիքների կազմում։ Եվ նրանց կատարել ենք շուրջ 12 մլրդ դրամի հատուցումներ։ Քանի որ մենք 20 տարվա պարտավորություն ենք ստանձնում, ամեն ամիս կատարում ենք այդ հատուցումները, և այս թիվն աճողական է, անընդհատ աճելու է»,- հավելեց նա։

Անհետ կորած զինծառայողների 803 ընտանիքների «Կամուրջ» ծրագրի շրջանակներում տրամադրվում են հատկացումներ։ Վեց ամիս ժամկետով են կատարվում այդ հատկացումները՝ ամսական 300 հազար դրամի չափով։ «Հիշեցնեմ, որ երբ արդեն զինծառայողն անհետ բացակայող կամ կորած կճանաչվի դատարանի որոշմամբ, և ընտանիքը կգա հիմնական ծրագրով հատուցում ստանալու համար, մենք փաստացի կհաշվարկենք, թե որքան գումար ենք վճարել տվյալ շահառուներին, այդ վճարը կնվազեցնենք միանվագ 10 մլն դրամից, և տարբերությունը կփոխանցենք»,- նշեց Ավետիքյանը։

Ինչ վերաբերում է ծանր վիրավորում ստացած զինծառայողներին, Ավետիքյանն ասաց, որ այս պահին ունենք 55 ծանր վիրավոր զինծառայող։ Եվ 17 մլն դրամի չափով նրանց կրկին 300 հազարական դրամներ են վճարվում յուրաքանչյուր ամիս։

Ստեղծման օրից մինչ այսօր հիմնադրամը շուրջ 32 մլրդ դրամ պարտադիր վճարների գծով գումարներ է ստացել և շուրջ 9 մլրդ դրամ նվիրաբերություններ։ Պատերազմից հետո ստացել են շուրջ 7,5 մլրդ դրամ նվիրաբերություն։
facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
Понравилась статья? Поделиться с друзьями: