Կրեմլից պատասխան Ֆրանսիային. Ինչ փոխզիջումներից է խոսել Պուտինը

Կրեմլի խոսնակ Պեսկովը, պատասխանելով Ղարաբաղյան կարգավորմանը ներգրավվելու Ֆրանսիայի ցանկության մասին հարցին, ասել է. «Եթե միջնորդների ջանքերը բերում են կայունություն, կանխատեսելիություն եւ օգնում են գոյություն ունեցող համաձայնությունների իրագործմանը, ապա դրանք կարելի է միայն ողջունել», տեղեկացնում են ռուսական զլմ-ները:

Հայտնի է, որ Կրեմլի խոսնակին «ինքնաբուխ» հարցեր ու պատասխաններ չեն տրվում, եւ այս պարագայում արդեն իսկ ուշադրության է արժանի ռուսական զլմ-ների ձեւակերպումը՝ «Ղարաբաղյան կարգավորմանը ներգրավվելու Ֆրանսիայի ցանկությունը»: Ընդ որում, տեղեկատվության մեջ նշվում է նաեւ, իբր Եվրամիության երկրները ցանկանում են մասնակցել եռակողմ ձեւաչափով՝ Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան բանակցություններին:

Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահ է, ինչպես եւ Ռուսաստանը, որը «ղարաբաղյան կարգավորում» է համարում հենց եռակողմ պայմանավորվածությունները: Ֆրանսիան, Եվրամիությունը խոսում են Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորման մասին եւ եռակողմ փաթեթը չեն համարում վերջնական կարգավորում:

Ֆրանսիայի թեման նույնպես պատահական չի ընտրված՝ Պուտին-Ալիեւ հանդիպման նախօրեին Մոսկվան ու Բաքուն միմյանց վախեցնում էին հենց Ֆրանսիայի գործոնով՝ Արցախի ճանաչումից մինչեւ ռուսական զորքերի դուրսբերում: Մոսկվան մի ոտքով մնում է Մինսկի խմբում, ինչը նրան անհրաժեշտ է մի կողմից Բաքվի վրա ճնշման լծակ պահելու, այդ թվում՝ խաղաղապահների մանդատի հարցով, մյուս կողմից՝ եռակողմ փաթեթը Մինսկի խմբի միջոցով «լեգիտիմացնելու» փորձերի համար, բացառելով քաղաքական կարգավորումը խմբում:

Պեսկովի հայտարարությունները սրա մասին են: Ալիեւի հետ Պուտինը խոսում էր «փոխզիջումային լուծումների» անհրաժեշտության մասին, ինչը նույնպես բխում է այս տրամաբանությունից եւ ամենեւին չի վերաբերում Հայաստանի հանդեպ փոխզիջումներին:

Լուսանկարը reuters-ից

facebook sharing button
twitter sharing button
vk sharing button
sharethis sharing button
Понравилась статья? Поделиться с друзьями: