Ականջներում լսվող աղմուկ. սրտաբանը ներկայացրել է խնդրի հիմնական պատճառները

Ականջներում լսվող աղմուկը, որի գիտական անվանումն է տինիտուս, բավական տարածված երևույթ է, սակայն հազվադեպ է դիտարկվում որպես լուրջ խնդիր։ Շատերն անգամ ուշադրություն չեն դարձնում ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող այս աղմուկին, մինչդեռ իրականում այն կարող է բավական վտանգավոր ախտանշան լինել, ուստի մասնագետները նախազգուշացնում են, որ այն ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Սրտաբան Նատալյա Պորոդենկոյի խոսքով՝ նման խնդրի պատճառները կարող են բավական տարբեր լինել, ուստի հստակ պատճառն իմանալու համար հարկավոր է բուժզննում անցնել։

«Գոյություն ունի հիվանդությունների մի ամբողջ շարք, որոնք կարող են հանգեցնել ականջներում լսվող աղմուկի ինտենսիվության մեծացման։ Այնուամենայնիվ նման աղմուկի առաջացման ամենատարածված պատճառը կտրուկ բարձր ձայնն է, որի արդյունքում ներքին ականջի սենսորային ապարատը չի հասցնում հարմարվել դրան և առաջանում է կարճատև զնգոց», — բացատրել է բժիշկը` հավելելով, որ սա նման խանգարման միակ պատճառը չէ։

Մասնագետի խոսքով` երբեմն ականջներում լսվող աղմուկը պայմանավորված է լինում տարբեր հիվանդություններով։ Բավական հաճախ նման խնդրի պատճառ է դառնում օտոսկլերոզը, որի դեպքում ոսկրային հյուսվածքը տարածվում է լսողական անցուղու մեջ։ Բացի այդ, ռիսկային գործոն կարող են հանդիսանալ նաև զարկերակային բարձր ճնշումը և որոշակի վարակիչ ու բորբոքային հիվանդությունները։

Ականջներում լսվող աղմուկի պատճառ կարող են դառնալ նաև գլխուղեղի զարկերակների աթերոսկլերոզը, օստեոխոնդրոզը և գլխի վնասվածքները, ուստի խնդրի հստակ պատճառն իմանալու համար հարկավոր անպայման դիմել բժշկին։

Մասնագետը նշում է, որ վերոնշյալ խանգարումների ախտորոշման համար մեծ մասամբ հարկավոր է լինում լաբորատոր հետազոտություններ անցնել կամ ստուգվել որոշակի սարքավորումների միջոցով։ Հարկ է հիշել, որ միայն համալիր բուժզննումը թույլ կտա հստակ ախտորոշել խնդիրն ու նշանակել ճիշտ բուժումը, ուստի նման խնդիր առկայությունը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։

Оцените статью