Ինչ ախտանշաններով է դրսևորվում օրգանիզմում վիտամին B12-ի պակասը

Մանկաբարձ-գինեկոլոգ Եկատերինա Վոլկովան իր թելեգրամյան ալիքում նշել է՝ որ արտաքին ախտանշաններն են հուշում վիտամին B12-ի անբավարարության մասին։

Ինչպես նշել է մասնագետը, այս վիտամինից են կախված կենսական նշանակություն ունեցող բազմաթիվ գործընթացները։

Այն անհրաժեշտ է արյան կարմիր բջիջների ձևավորման համար, ինչպես նաև սինթեզում է ամինաթթուներն ու սպիտակուցները և ամրապնդում նյարդային համակարգը, իսկ դրա դեֆիցիտի մասին հուշող առաջին ախտանշանն է լինում մաշկի գունատությունը կամ դեղնավուն երանգը։

«Մաշկի նման վիճակը կապված է արյան կարմիր բջիջների պակասի հետ, որոնք քայքայվում են՝ առաջացնելով արյան մեջ բիլիրուբինի ավելցուկ։ Հենց սրանով էլ պայմանավորված է մաշկի դեղնավուն երանգը»,- գրել է բժիշկը։

Վիտամին B12-ի անբավարարության մասին հուշող մյուս ախտանշանը գլոսիտն է՝ լեզվի բորբոքում, որը կարող է ուղեկցվել լեզվի ցավով, դրա հյուսվածքային փոփոխությամբ, գույնի փոփոխությամբ, քորով կամ ծակծկոցով։ Բացի այդ, այս տարրի պակասը կարող է դրսևորվել նաև թուլությամբ ու հոգնածությամբ, ինչը ևս չի կարելի անուշադրության մատնել։

«Այստեղ ևս մեղավոր են արյան կարմիր բջիջները, քանի որ հենց դրանք են թթվածին մատակարարում բջիջներին։ Դրա պակասի դեպքում զարգանում է թթվածնաքաղց», – եզրափակել է Վոլկովան՝ հավելելով, որ թթվածնաքաղցը սովորաբար ուղեկցվում է քնկոտությամբ, հևոցով ու գլխապտույտով։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Оцените статью