Ինչ է շաքարային դիաբետը և որոնք են դրա տեսակներն ու հիմնական ախտանշանները

Շաքարային դիաբետը շատ վտանգավոր հիվանդություն է, որն առավել հաճախ ախտորոշվում է 40-60 տարեկան մարդկանց մոտ: Սկզբնական շրջանում հիվանդությունը սովորաբար ոչ մի կերպ չի դրսևորվում, ուստի հիվանդները հայտնաբերում են այն պրոֆիլակտիկ ստուգման կամ մեկ այլ խնդրի համար անցած բուժզննման ժամանակ:

Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որից հնարավոր չէ լիովին ազատվել: Այն բնորոշվում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակի բարձրացմամբ, ինչը պայմանավորված է լինում ոչ բավարար քանակությամբ ինսուլինի արտադրությամբ կամ ինսուլինին օրգանիզմի հյուսվածքների սխալ արձագանքով:

Գոյություն ունի շաքարային դիաբետի մի քանի տեսակ: Դրանք են.

· 1-ին տիպի շաքարային դիաբետը. այս դեպքում ենթաստամոքսային գեղձը չափազանց քիչ քանակությամբ ինսուլին է արտադրում կամ առհասարակ չի արտադրում, ինչի պատճառով հիվանդները ստիպված են լինում մշտապես ինսուլինի ներարկումներ ստանալ ու հետևել առողջ սննդակարգին:

· 2-րդ տիպի շաքարային դիաբետը. այս դեպքում օրգանիզմը սխալ է օգտագործում ինսուլինը: Շաքարային դիաբետի այս տեսակը հաճախ ախտորոշվում է տարեցների, ինչպես նաև ավելորդ քաշ ունեցողների և նստակյաց կենսակերպ վարողների մոտ:

· Հեստացիոն շաքարային դիաբետը. հիվանդության այս տեսակը զարգանում է հղի կանանց մոտ: Այս դեպքում հղիության հորմոններն արգելակում են ինսուլինի ազդեցությունը: Հեստացիոն շաքարային դիաբետը հաճախ զարգանում է 25 տարեկանից բարձր կանանց մոտ՝ հատկապես, եթե նրանք տառապում են զարկերակային բարձր ճնշումից ու ավելորդ քաշից:

Շաքարային դիաբետի ախտանշանները

Սկզբնական շրջանում շաքարային դիաբետը կարող է որևէ կերպ չդրսևորվել, սակայն որոշ ժամանակ անց ի հայտ են գալիս բավական ակնհայտ ախտանշաններ, որոնք էլ սովորաբար օգնում են ախտորոշել հիվանդությունը:

Հաճախ այդ ախտանշանները նման են լինում այլ հիվանդությունների ախտանշաններին, ինչի հետևանքով մարդիկ ոչ միշտ են ուշադրություն դարձնում դրանց, սակայն մասնագետները հորդորում են ավելի ուշադիր լինել և ապահովության համար խորհրդակցել բժշկի հետ ու ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ախտանշաններ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ դրանք կարող են պայմանավորված լինել շաքարային դիաբետով:

1. Հաճախ միզելու ցանկություն

Շաքարային դիաբետի մասին վկայող ամենատարածված ախտանշաններից մեկը հաճախ միզելու ցանկությունն է, որն անվանվում է պոլիուրիա: Ընդ որում՝ այս ախտանշանը հատկապես շատ է անհանգստացնում հիվանդներին գիշերվա ժամերին, ինչի հետևանքով էլ շաքարային դիաբետից տառապողների մոտ հաճախ նկատվում է նաև քնի պակաս:

2. Քաշի կորուստ

Առանց որևէ պատճառի քաշի նվազումը լուրջ ախտանշան է, որը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել: Բանն այն է, որ քաշի կորուստը կարող է պայմանավորված լինել ենթաստամոքսային գեղձի աշխատանքի խանգարմամբ, իսկ նման խնդիրն անտեսելը կարող է վտանգավոր լինել:

3. Անհագ ծարավ

Շաքարային դիաբետի մասին վկայող ամենատարածված ախտանշաններից է նաև մշտական ծարավը, ինչը պայմանավորված է նրանով, որ մեզի հետ օրգանիզմը չափազանց շատ հեղուկ է կորցնում:

Նման դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս հագեցնել ծարավը մաքուր ջրով, բնական հյութերով ու բուսական թուրմերով և բացառել սննդակարգից քաղցր ըմպելիքները, սուրճը, ալկոհոլն ու շաքար պարունակող ցանկացած այլ ըմպելիք, քանի որ դրանք բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակն ու էլ ավելի են ուժեղացնում ծարավի զգացումը:

4. Մատների ծակծկոց, վերջույթների թմրածություն ու քոր

Շաքարային դիաբետի մասին կարող է վկայել նաև վերջույթների թմրածությունը, ծակծկոցն ու քորը, սակայն այս ախտանշանը պայմանավորված է լինում ոչ թե շաքարի մակարդակի բարձրացմամբ, այլ ծայրամասային նյարդերի դեգենարեատիվ փոփոխություններով:

5. Մշտական հոգնածություն

Մշտական հոգնածությունը, որից չի հաջողվում ազատվել անգամ լիարժեք քնից ու հանգստից հետո, կարող է վկայել 2-րդ տիպի շաքարային դիաբետի մասին, ուստի այս ախտանշանը նույնպես ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

6. Տեսողության հետ կապված խնդիրներ

Շաքարային դիաբետի ժամանակ հաճախ նկատվում են տեսողության հետ կապված խնդիրներ և զարգանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսին են ռետինոպաթիան, գլաուկոման ու կատարակտը: Սա է պատճառը, որ շաքարային դիաբետի դեպքում հարկավոր է ավելի հոգատար լինել աչքերի հանդեպ՝ խնդրի զարգացումը ժամանակին կանխելու համար:

Բացի այդ, այս հիվանդության դեպքում հաճախ ի հայտ են գալիս նաև խնդիրներ՝ կապված նյարդային համակարգի հետ, ուստի անհրաժեշտ է ավելի ուշադիր լինել:

7. Չապաքինվող վերքեր

Դժվար ապաքինվող վերքերը նույնպես կարող են պայմանավորված լինել շաքարային դիաբետով, ուստի նման խնդրի դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել:

Նշված ախտանշանները ոչ միշտ են պայմանավորված լինում շաքարային դիաբետով, սակայն դրանք, այնուամենայնիվ, ոչ մի դեպքում չի կարելի անտեսել՝ այլապես հետևանքները կարող են բավական լուրջ լինել: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ավելի ուշադրի լինել և պարբերաբար պրոֆիլակտիկ բուժզննում անցնել, քանի որ խնդիրը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան դրա հետևանքով առաջացած բարդությունների դեմ պայքարելը:

 

Оцените статью