Որոնք են մարսողության խանգարման հիմնական ախտանշանները և ինչպես կարելի է ազատվել այդ խնդրից

Առողջ մարսողական համակարգն ու լավ մարսողությունը նույնքան կարևոր են, որքան առողջ սնունդը, սակայն քչերն են դա գիտակցում: Մարդու սննդի որակից է կախված նրա հոգեկան ու ֆիզիկական առողջությունը, ուստի հարկավոր է կարգավորել սննդակարգը և շատ ուշադիր լինել օգտագործվող սննդամթերքի ու մարսողական համակարգի առողջության հանդեպ:

Սակայն շատերը ճիշտ սննդակարգ ասելով հասկանում են առողջարար սմուզիներ, աղցաններ, պրոտեինով հարուստ բատոններ, ձկան յուղ, գոջի հատապտուղներ և այդպես շարունակ, մինչդեռ նման սննդակարգին հետևելով առողջական վիճակում դրական փոփոխություններ ոչ միշտ են նկատվում: Այս սննդակարգի հետևանքով մարդը մշտապես քաղցի զգացողություն է ունենում, հոգնած է լինում և ի վերջո բախվում է առողջական մի շարք խնդիրներին՝ այդ թվում նաև էկզեմային:

Առողջությունը վերականգնելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել սննդակարգն ու բարելավել մարսողությունը: Առհասարակ` լավ մարսողությունն առողջության գրավականն է: Հարկ է հիշել, որ ճիշտ սննդակարգ կազմելու համար անհրաժեշտ է խորհրդակցել սննդաբանի հետ:

Սխալ սննդակարգի դեպքում առաջացած էկզեման պայմանավորված է լինում լեղու պակասով, որի դեպքում ստամոքսը չի կարողանում կլանել մաշկի առողջության պահպանման համար անհրաժեշտ ճարպերը: Այս դեպքում խորհուրդ է տրվում սննդակարգում ճակնդեղի հյութահանուկ օգտագործել՝ լեղու արտադրությունը խթանելու համար:

Սննդաբանները նշում են, որ մասողությունը սննդի ընդունման ամենակարևոր փուլն է, որի խանգարման դեպքում անգամ ամենաառողջարար սնունդը կարող է խնդիրներ առաջացնել: Սա է պատճառը, որ հարկավոր է իմանալ մարսողության խանգարման հիմնական ախտանշանները, ինչը կօգնի կանխել կամ ժամանակին հայտնաբերել ի հայտ եկած խնդիրները:

Մարսողության խանգարման մասին վկայող հիմնական ախտանշաններն են.

· սննդի ընդունումից հետո ստամոքսում ծանրության զգացողությունը,

· սննդի ընդունումից հետո առաջացող լցվածության զգացողությունն ու արտասովոր շարժումները որովայնի ստորին հատվածում,

· մշտական հոգնածության զգացողությունը:

Եթե մարդը սնվում է առողջարար սննդամթերքով և բացառել է սննդակարգից ցանկացած վնասակար մթերքը, սակայն մշտապես տանջվում է քաղցի զգացումից կամ կենսական ուժերի պակասից, ապա հարկավոր է ավելի ուշադիր լինել մարսողական համակարգի հանդեպ:

Բացի այդ, հարկ է հիշել, մարդու մարսողական համակարգի առողջության վրա ազդում է ոչ միայն սնունդը, այլև այդ սնունդն ընդունելու ձևը, նրա մտքերը, հույզերը և նույնիսկ վերաբերմունքը սննդի հանդեպ, ուստի դրական փոփոխությունների համար հարկավոր է կարգավորել մարսողական համակարգի աշխատանքը և սովորել կառավարել այն, ինչպես նաև լինել դրական մտքերով լի և խուսափել բացասական հույզերից:

 

Оцените статью