Մազահեռացման ամենավտանգավոր տեսակները․ Որո՞նք են դրանք․․․

Ածելիի գործածությունը մազահեռացման ամենավտանգավոր տեսակն է։ Այս մասին iz.ru-ի հետ զրույցում ասել է բժիշկ Անաստասիա Ժդանովան՝ ներկայացնելով մազահեռացման այս տեսակի հնարավոր հետևանքները։

Բժշկի խոսքով՝ սափրելու հետևանքով կարող են սպիներ առաջանալ, իսկ մազերը կարող են ներաճել։ Բացի այդ, մազահեռացման այս տեսակը հաճախ է դառնում մաշկի գրգռման պատճառ։ Ավելին՝ մասնագետը նաև նախազգուշացրել է, որ ածելիի գործածությունը կարող է հանգեցնել մազարմատի՝ սնկային վարակով կամ ստաֆիլակոկով վարակման։

Ինչպես նշել է Ժդանովան, վտանգավոր է ոչ միայն ածելիով մազահեռացումը, այլև հատուկ մածուկների գործածությունը։ Նման պրոցեդուրան կարող է լրջորեն վնասել մաշկը։

«Եթե մածուկով մազահեռացումն իրականացվում է ոչ մասնագետի կողմից, ապա մեծ է ոչ միայն սաստիկ ցավոտ զգացողությունների հավանականությունը, այլև մաշկի մակերեսային շերտը վնասելու վտանգը։ Սա կարող է վնասվածքների ու կապտուկների պատճառ դառնալ, որոնց հետագայում կավելանան ինֆեկցիոն բորբոքումն ու թարախակալումը, ինչը կարող է սպիների առաջացման հանգեցնել», – նախազգուշացրել է Ժդանովան։

Վտանգավոր կարող են լինել նաև մազահեռացնող քսուքները, քանի որ դրանց սխալ գործածությունը կարող է հանգեցնել քիմիական այրվածքների ու ալերգիկ ռեակցիաների։ Ինչ վերաբերում է լազերային մազահեռացմանը, ապա բժիշկը հորդորել է դիմել միայն մասնագետին, քանի որ ոչ ճիշտ անցկացված պրոցեդուրան կարող է հանգեցնել մաշկին գունակների ու այրվածքների առաջացման։

Նյութը հրապարակման պատրաստեց zNews

Оцените статью