44-օրյա պատերազմը բազմաթիվ կանանց ժպիտը խլեց․․․ Նրանց թվում նաև ես էի․․․ Վիկտորյա Թադևոսյան

Վիկտորյա Թադևոսյանը ամուսնու զ․ո․հվելուց հետո մնացել է միայնակ՝ 4 երեխաների հետ միասին։

«44-օրյա պատերազմը, ցավոք, բազմաթիվ կանանց ժպիտը խլեց: Նրանց թվում նաև ես էի: Շատ են ասում, որ կինն ուժեղ պետք է լինի: Իմ կարծիքով, ուժեղն այն կինն է, ով ամուր կանգնած է ոտքերին, և կյանքի դժվարությունները նրան չեն ընկճում, թուլացնում: Ինչ հարված էլ կյանքը հասցնի՝ ուժեղ կինը չի չարանա: Ուժեղ կինը երազանքներով չի ապրում, ունենում է կոնկրետ նպատակներ, որոնք փորձում է իրականացնել:

Երեխաներիս սովորեցնում եմ լինել բարի, կամեցող, չչարանալ: Փորձում եմ սովորեցնել ժպիտով ընդունել կյանքի փորձությունները: Կարծում եմ, իմ օրինակով երեխաներս կսովորեն ուղիղ նայել կյանքի աչքերին»,— մեզ հետ զրույցում նշեց Վիկտորյա Թադևոսյանը:

Ամուսնու՝ 35-ամյա հետախույզ Արտուշ Թարոյանի զ․ո․հվելուց հետո Վիկտորյան միայնակ է մեծացնում 4 երեխաներին, որևէ մեկից օգնություն չի ակնկալում, ասում է՝  յուրաքանչյուր խնդիր փորձում է լուծել ինքնուրույն:

«Իսկ ամուսնուս ժամանակ խնդիրները լուծվում էին միանգամից ու ոչ այսքան դժվար։ Պարզ և հստակ կարողանում էինք առաջ շարժվել։ Հիմա չի լինում մի պահ, որ մտածեմ՝ ես կարողանում եմ հաղթահարել ու համակերպվել, որ նա երբեք էլ չի գալու»,— նշեց Վիկտորյան:

Հավելենք, որ Արտուշ Թարոյանը ծնվել էր Ջերմուկում, սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Եղել է ավագ լեյտենանտ, հետախուզության դասակի հրամանատար: Ծառայել է 18 տարի, արժանացել պատվոգրերի, մեդալների:

Նյութի աղբյուր՝ 168.am

Оцените статью