«Ամենամեծ ձեռքբերումս որդիս է». Վարդան Հովսեփյանը` 37-ամյակին կնոջ անակնկալի և ընտանեկան հավաքի մասին

Դերասան Վարդան Հովսեփյանը երեկ նշել է 37-ամյակը: Tert.am Life-ի հետ զրույցում Վարդանն ասաց, որ կինն ու որդին, ինչպես ամեն տարի, կեսգիշերին անակնկալ են մատուցել իրեն:

«Կեսգիշերին անակնկալի բերեցին ինձ` տորթով, մոմերով, փուչիկներով: Անցած տարվանից տղաս է փչում տորթիս մոմերը, այդ պրոցեսը շատ է սիրում: Առհասարակ, ինքս էլ մոմերը փչել շատ եմ սիրում, բայց ծննդյանս օրը տղայիս եմ զիջում,- ասաց նա ու հավելեց, որ ծննդյան օրը խնջույք չեն կազմակերպել,- եղբորս տուն գնացինք ու ամենամոտ մարդկանցով բացօթյա նշեցինք օրը: Եթե լավ մարդկանցով ես շրջապատված, կապ չունի` նրանք շա՞տ են, թե` քիչ` օրդ լավ է անցնում»։

Վարդանը վստահեցրեց, որ պարետատան սահմանած կանոնները չեն խախտել:

Դերասանի խոսքով` իր տարիքից չի նեղսրտում, քանի որ հոգեպես իրեն շատ ավելի երիտասարդ է զգում.

«Ինձ հոգեպես 25 տարեկան եմ զգում: Տարիքիցս կվախենամ, երբ թոռնիկներ ունենամ, որովհետև այդ ժամանակ նրանց վայելելու համար քիչ տարիներ կմնան: Հիմա անընդհատ շարժման մեջ եմ, նստակյաց կյանքն ինձ համար չէ:

Առավոտյան 7-ին արթնանում եմ, ուշ եմ քնում, քանի որ գիշերվա քնի վրա չեմ ուզում շատ ժամանակ ծախսել: Երբ սպասելիքներդ, անելիքներդ շատ են, ժամանակը չի հերիքում»:

Վարդանն իր ամենամեծ ձեռբերումը համարում է որդուն` Մաքսին, ով շուտով կդառնա 2 տարեկան.

«Մոտ երկու տարի է` Մաքսն իմ կյանքում կա: Դրանից առավել ձեռքբերում դեռ չեմ ունեցել: Բայց նպատակներիցս են ֆինանսապես հարստանալը, առողջ լինելը, քանի որ գումար ունենալը այսօր շատ հարցեր է լուծում: Պետք է աշխատեմ, որպեսզի կարողանամ հասնել իմ ուզածին»:

Ըստ դերասանի` Աստված ճիշտ ժամանակին իրեն ամեն ինչ տալիս է: Ինքն իրեն ժպիտով մաղթեց, որ համացանցում մեկնաբանություններ քիչ կարդա։

Like this post? Please share to your friends: