Ադրբեջանցիները փրկարարներին թույլ չեն տվել մտնել Հադրութ. Հավանական է՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ զինվորներ կան. Փաստինֆո

Pastinfo.am-ը գրում է. Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության որոնողափրկարարական աշխատանք իրականացնող խմբերին թույլ չեն տվել առաջանալ Հադրութ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրեց ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Վերջինս հայտնել էր, որ կողմերի միջև ձեռքբերված համաձայնության հիման վրա առավոտյան որոնողական ջոկատները մեկնել են նշված վայր, բայց երբ հասել են Շեխեր-Դրախտիկ գյուղերի միջակայք, որը միացնում է Մարտունու շրջանը Հադրութին, ադրբեջանցիները չեն թողել, որպեսզի հայկական փրկարարական ջոկատներն առաջանան։ Խմբերն այնտեղ մի քանի ժամ են մնացել։

«Մի քանի ժամ կապ չի եղել խմբերի հետ, սակայն քիչ առաջ կապ են հաստատել և տեղեկացրել, որ չեն կարողացել առաջանալ՝ Շեխեր գյուղի մոտակայքից նրանց չի թույլատրվել առաջանալ: Հիմա վերադառնում են»,-ասաց Հունան Թադևոսյանը:

ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը նշեց, որ սա առաջին դեպքը չէ։ Իսկ խմբերի հետ ռուսական խաղաղապահ զորքեր այս անգամ չեն եել։

«Ըստ երևույթին՝ ՌԴ խաղաղապահներ պետք է լինեին։ Լինում են դեպքեր, երբ ուղեկցում են, երբեմն ոչ՝ դա այդքան էական չէ։ Միջադեպեր չեն լինում հայ փրկարարների և ադրբեջանցի զորքերի միջև»։

Թադևոսյանը մեկ անգամ էլ նշեց, որ հաստատում են՝ Հադրութում զորք չկա, միակ հավանական վարկածն այն է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ զինվորներ կան, որոնց ճակատագիրը մինչև այժմ անհայտ է եղել, նրանք թաքնված են եղել։

Հարցին՝ արդյոք փրկարարներին Հադրութ չթողնելը կապ ունի երեկ ուշ երեկոյան շրջանառության մեջ հայտնված այն տեղեկության հետ, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտեր են տեղի ունեցել՝ Թադևոսյանը նշեց, որ չի բացառվում։

«Քանի որ նախադեպը կա, որ Հադրութի շրջանի Մեծ թաղեր, Խծաբերդ գյուղերի մոտ եղել է միջադեպ մի քանի շաբաթ առաջ, երբ որոնողական աշխատանքները դադարել են, երեկվա միջադեպի ֆոնին կարծում ենք, որ դա կապված է այդ միջադեպի հետ»։

Նոյեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 27-ը որոնողական աշխատանքների ընթացքում 1111 աճյուն է գտնվել, նաև 9 ողջ քաղաքացի է գտնվել, որից 7-ը զինծառայող, երկուսը քաղաքացիական։

Like this post? Please share to your friends: