Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքը հանձնվեց Ադրբեջանին. համայնքապետ

hadrut_sRtH_.jpg

Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքը հանձնվեց Ադրբեջանին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այվազյանը։

«Ռուս խաղաղապահներն են գյուղում եղել, իրենց մոտեցել են ադրբեջանցիներն ու ասել, որ այս գյուղն էլ է ծախած։ Խաղաղապահներն էլ դուրս են եկել։ Հակառակորդը խաղաղապահների հետ փաստաթղթերով է խոսել։ Հադրութի տարածքի մեջ է մտնում, դա էլ է ծախված։ Հիմա ռուս խաղաղապահները գալիս են Ստեփանակերտ»,- նշեց Այվազյանը։

Նա ասաց, որ եւ Խծաբերդի, եւ Հին Թաղերի բնակչությունը տարհանված է։

«Եթե ծախել էին, ասեին, մենք այսքան ժամանակ պահեցինք էդ գյուղերը։ 37 օր գյուղացիները, կամավորականները, զինվորականները դիրք էին պահում։  Գոնե ասեք, որ մարդիկ իրենց ունեցվածքը հանեին, չգային բոմժի նման մտնեին Հայաստանի տարածք։ Էս Կառավարությանը պետք է անվստահություն հայտնել»,- նշեց համայնքապետը։

Այվազյանն ասաց, որ Հին Թաղերը 5000 հեկտար տարածք ունի. «Մեզ համար մեր 100 բնակիչն էլ, մեր պապական հողերը, մեր գերեզմանները թանկ են շատ։ Երբ զինադադար կնքվեց, մեր գյուղն էլ մնաց մեր վերահսկողության տակ, ուրախացել էինք, հպարտանում էինք, որ մեր պապական հողերը կարողացանք պահել։ 1992 թվականին էլ ենք պահել մեր գյուղը, իր ամբողջ պատմության մեջ թուրքը չի կարողացել ոտք դնի այդ հողի վրա։ Բա մենք պահել էինք, ո՞նց այդպես եղավ»։

 

Like this post? Please share to your friends: