Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում

nfk_CGI4C.jpg

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուստամ Գասպարյանի հարազատներին է հանձնել կոչումը Արմավիրում դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած հիշատակի միջոցառման ընթացքում:

Այս մասին հայտնում է Արմավիրի մարզպետարանը։

«Նախագահ Արայիկ Հարությունյանը ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանին հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում՝ հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան: Իսկ ԱՀ ՊԲ N զորամասի հետախուզական վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Միհրան Ավդալյանին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության և արիության համար հետմահու պարգևատրեց «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով:

Այնուհետև ներկաներին իր վշտակցությունն է հայտնել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը` մասնավորապես նշելով. «Մեծապատիվ Գասպարյանների ընտանիք, մեր եղբայրների սգակիր ընտանիքների անդամներ, մեծարգո նախագահ, գերաշնորհ հայր, համայնքների հարգելի ղեկավարներ, պատգամավորներ, Ջանֆիդայի բնակիչներ, խորը վշտով, մեծ ցավով եկել ենք, որպեսզի մեր հարգանքի տուրքը մատուցենք մեր նահատակ հերոսներին, մեր եղբայրներին, քանզի նրանք, մեծ ազգի Մեծ Զավակներ էին, քաջերի գյուղի Քաջերն էին, մեր անցյալն էին, ներկան ու ապագան: Տալով հայրենիքին ամենաթանկը՝ իրենց կյանքը, նրանք թողեցին մեծ ընտանիք, ընկերներ, հարազատներ, ովքեր պարտավորվում են շարունակել նրանց կիսատ թողած գործը՝ Հայրենիքին անմնացորդ ծառայելը:

Ռուստամ Գասպարյանը եզակի մարդ էր, ով մարզում տեղի ունեցող ցանկացած իրողության վերաբերվում էր ինչպես անձնականի և պատրաստ էր առաջինը օգնության հասնել: Այդպես էր նաև հայրենի սահմանը պաշտպանելու գործում:

Ցավի, ափսոսանքի և հպարտության զգացումով իմ զորակցությունն եմ հայտնում հայրենապաշտ ու հավերժի ճամփորդ հերոսների հարազատներին և հավերժ փառք մաղթում նրանց»:

Արմավիր քաղաքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն էլ ընթերցել է ավագանու որոշումը, որով Ռուստամ Գասպարյանին շնորհվել է Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում:

Մերօրյա հերոսներին նվիրված միջոցառումն ամփոփվել է Ջանֆիդա համայնքի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցի սաների մասնակցությամբ ասմունքով, հերոսների մասին օրինակելի պատմություններ պատմելով, որից հետո ներկաները այցելել են Ջանֆիդա համայնքի պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել, խնկարկել հերոսների շիրիմներին:

Հավելենք, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ այցելել է նաև Սարդարապատ համայնք՝ Արցախյան պատերազմում զոհված, «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանի ընտանիքին: Ցավոք, հերոս Դավիթի կյանքն ընդհատվել է պատերազմում, և այսօր, ԱՀ նախագահն անձամբ շքանշանը հանձնել է Դավիթի ծնողներին: Նրանք՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսի հիշատակին, ծաղիկներ են խոնարհել շիրիմին ու խնկարկել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ազատամարտիկ, «Սև հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած Արցախյան պատերազմում ստացած ծանր վիրավորումից մահացել է հոկտեմբերի 17-ին:

 

Like this post? Please share to your friends: